Եվրո-2016․ Մահացու քառյակը

Եվրո-2016․ Մահացու քառյակը

Եվրոպայի առաջնության մեկնարկին մի քանի օր է մնացել։ Ժամանակն է ծանոթանալու D խմբի անդամներին։

Ի՞նչ կարող ենք ակնկալել մահացու քառյակից: Եթե մյուս խմբերում կան հավաքականներ, որոնց դեմ խաղալով՝ կարելի է առանց մեծ ջանքերի 3 միավոր վաստակել, ապա այստեղ մրցակցին թերագնահատելը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել․ մի պահ թուլացրու ուշադրությունդ և միանգամից հարված կստանաս: Այսպիսի խմբում հնարավորությունները շատ չեն, քանի որ յուրաքանչյուրը վտանգավոր է: 

Իսպանիա

Ամբողջ աշխարհը շարունակում է հնչեցնել այս հարցը. Մունդիալում անհաջող ելույթը, որ սկիզբ առավ Հոլանդիայից 1:5 հաշվով կրած պարտությունից, պատահականությո՞ւն էր, թե՞…

Իսպանացիները համաշխարհային պայքարում զիջեցին դիրքերը, բայց Եվրոպայի առաջնությունում ամեն բան առջևում է: Նախընտրական փուլի 9 հաղթանակները վկայում են, որ Իսպանիան դեռևս ուժեղագույններից է աշխարհում և այս առաջնության գլխավոր ֆավորիտների թվում է: Նրանք երրորդ անգամ անընդմեջ կարող են լավագույնը դառնալ Եվրոպայում, քանի որ դրա համար բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն և բավարար փորձառություն: Սակայն գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Վիսենտե դել Բոսկեն կկարողանա թաքցնել թիմի թերությունները և խաղալ ուժեղ կողմերով:

Խորվաթիա

Խորվաթներն ընտրական փուլում իրենք իրենց համար խնդիրներ ստեղծեցին․ սկզբում Խորվաթիան կարող էր հաղթանակի հասնել իտալացիների դեմ պայքարում, բայց խաղն ընդհատվեց երկրպագուների պահվածքի պատճառով: Այս հավաքականների երկրորդ խաղը ևս հանգիստ չանցավ: Ադրբեջանի հետ ոչ-ոքին էլ վերջնականապես հաստատեց, որ Նիկո Կովաչն այլևս պետք չէ հավաքականին: Հիմա ամեն բան հարթվել է, իսկ կազմը հուշում է՝ խորվաթները վտանգավոր են լինելու եվրոպական ցանկացած ընտրանու համար: Դաշտի կենտրոնում «Ռեալում» և «Բարսելոնայում» հանդես եկող աստղերն են, իսկ հարձակման գծի ֆուտբոլիտները՝ ի դեմս Մանջուկիչի, հետ չեն մնում նրանցից։

Թուրքիա

Եվրոպայի նախորդ առաջնությունը թուրքերը բաց են թողել, բայց, հավանաբար, հիանալի հիշում են առաջնությունը, երբ հավաքականը 1/4 եզրափակչի դրամատիկ պայքարում հաղթեց․․․ Խորվաթիային։

Այդ ժամանակ Ֆատիհ Թերիմն էր հավաքականը ղեկավարում։ Այս անգամ ևս նա է գլխավորի դերում: Անկախ խմբային փուլի արդյունքից՝ Թուրքիան ուղիղ ճանապարհով ստացավ Եվրոպայի առաջնության ուղեգիրը, քանի որ լավագույնն էր երրորդ տեղը գրաված թիմերի ցանկում։ Արդա Թուրանի, Հական Չալխանողլուի պես առաջատարների հետ Թուրքիան կարող է արժանավայել պայքարել խմբի ուժեղագույն մրցակիցների դեմ:

Չեխիա

Այսօրվա հավաքականի համար անհասանելի են թվում 1996-ի եզրափակչի և 2004-ի կիսաեզրափակչի հաջողությունները։ Ամեն դեպքում Չեխիան հաղթել է նախընտրական խմբում, որում Հոլանդիան ուղեգիր չի նվաճել։ Ներկայիս հավաքականում Պետեր Չեխից բացի հնչեղ անուններ գրեթե չկան։ Չկան դեմքեր, ովքեր կկարողանային դասվել Չեխիայի ընտրանու փայլուն սերնդի շարքին ու կնվաճեին 2004-ի գավաթը, եթե չլինեին հույները: Չեխից բացի կա նաև Թոմաշ Ռոսիցկին, բայց առողջության և մարզավիճակի պատճառով հիմա նա չի կարող Պավել Վրբայի համար հուսալի տարբերակ լինել: Չեխիայի հավաքականը հստակ թերություններ ունի, օրինակ՝ հարձակման թույլ գիծը, բայց առաջնության ընթացքում նրանք կարող են անակնկալ մատուցել, իսկ որոշ ֆուտբոլիստներ (օրինակ՝ Բորեկ Դոչկալը) կարող են բարձրաձայնել իրենց մասին:

Խաղ, որ չպետք է բաց թողնել
Թուրքիա – Խորվաթիա

Այս անկանխատեսելի խաղին արդեն հունիսի 12-ին ենք հետևելու։ Խորվաթներն այդ խաղում կարող են վրեժ լուծել 8 տարի առաջ փլեյ-օֆֆում կրած պարտության համար․ 119 րոպե 0։0 հաշվով խաղալուց հետո Խորվաթիան պետք է հաջորդ փուլ անցնել խփած գոլի շնորհիվ, բայց Թուրքիան հավասարեցրեց հաշիվը՝ խփելով Եվրոպայի առաջնության պատմության ամենաուշ գնդակը (120+2′), ապա հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ: Հույս ունենանք, որ այս անգամ թիմերը կրկին տոն կպարգևեն, բայց այդ տոնին նախորդի պես երկար չենք սպասի:

Հիմնական x-ֆակտորը՝ բանականությունը հաղթում է զգացմունքներին

Այսպիսի խմբում այս ֆակտորը կարող է առանցքային նշանակություն ունենալ: Հատկապես թուրք և խորվաթ երկրպագուները հայտնի են իրենց բնավորությամբ, անկարգություններով, իսկ դա հեշտությամբ կարող է փոխանցվել դաշտում գտնվողներին ու խոչընդոտել, քանի որ վերջիններս ավելորդ նյարդերի կարիք չունեն՝ այն էլ առանցքային պահերին: Հավաքականների առաջատարներից ոմանց զսպվածության պակասը ևս կարող է վատ ազդեցություն ունենալ, իսկ դրանից կարող են օգտվել չեխերը, որոնց շատերն են թերագնահատում։

Նախորդ հրապարակումները՝

Խմբային փուլի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում