Մարիա Շարապովան որակազրկվել է 2 տարով

Մարիա Շարապովան որակազրկվել է 2 տարով

Թենիսի միջազգային հակադոպինգային կազմակերպությունը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի գործով վերջնական որոշում է կայացրել։ Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոնուհին որակազրկվել է 2 տարով։ Որազրկման սկիզբը համարվում է 2016 թվականի հունվարի 26-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 7-ին Մարիա Շարապովան Լոս-Անջելեսում հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել և անձամբ հայտարարել է, որ Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ նրա դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել։ Թենիսիստուհին օգտագործել է «Միլդրոնատ» դեղամիջոցը, որը 2016 թվականի հունվարի 1-ից արգելված դեղահաբերի ցանկում է ներառվել:

Որակազրկման առիթով Մարիա Շարապովան արդեն հանդես է եկել հայտարարությամբ։

-Ինձ երկու տարով որակազրկելու որոշումը ցույց է տալիս, որ հանձնաժողովն իմ արարքը միաձայն ոչ միտումնավոր է համարել։ Հանձնաժողովի անդամներն ընդունում են, որ ես «Միլդրոնատ» դեղամիջոցը չեմ օգտագործել սպորտային արդյունքներս բարելավելու համար։ Սկզբում ITF-ում փորձում էին ամեն գնով ապացուցել, որ իմ գործողություններում միտում է եղել։ Դուք պետք է իմանաք, որ ինձ ցանկացել են որակազրկել 4 տարով, սակայն հանձնաժողովը չի համաձայնել ITF-ի պահանջների հետ։

Չնայած հանձնաժողովն ընդունել է, որ միտումնավոր ոչինչ չեմ արել՝ չեմ կարող ընդունել այս դաժան պատիժը։ Ես այս որոշումը բողոքարկելու եմ Լոզանի Սպորտային դատարանում։

Կարոտում եմ թենիսը, իմ հիանալի երկրպագուներին, ովքեր ամենանվիրվածներն են։ Ես կարդացել եմ նրանց բոլոր նամակները, սոցիալական ցանցերում հաղորդագրությունները։ Այս դժվար օրերին ձեր սերն ու աջակցությունն օգնում են ինձ։ Ես պայքարելու եմ նրա համար, ինչ ճիշտ եմ համարում։ Պայքարելու եմ հնարավորինս շուտ կորտ վերադառնալու համար,-ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Մարիա Շարապովայի պաշտոնական կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում