Չակիր, Ատկինսոն, Բրիխ․․․ Ովքե՞ր են դատելու Եվրոպայի առաջնության խաղերը

Չակիր, Ատկինսոն, Բրիխ․․․ Ովքե՞ր են դատելու Եվրոպայի առաջնության խաղերը

Նախքան Եվրոպայի առաջնության խաղերին հետևելն ու ֆուտբոլային տոնից հաճույք ստանալը ծանոթանանք այն մարդկանց հետ, որոնցից իրականում շատ բան է կախված լինելու: Արդար խաղերի հույսով՝ ներկայացնում ենք Եվրո-2016-ի գլխավոր մրցավարներին:

Մարտին Ատկինսոն (Անգլիա)

45-ամյա անգլիացին, ով ոստիկանության սպայի կոչում ունի, համարվում է աշխարհի լավագույն մրցավարներից մեկը։ 10 տարի աշխատելով ՖԻՖԱ-ի համակարգում՝ Ատկինսոնը միջազգային արենայում աշխատել է միայն Հովարդ Ուեբի հետ․ Լեհաստանում և Ուկրաինայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ եղել է վերջինիս օգնականը: Մեծ Բրիտանիայի մրցավարներից շատերի պես Ատկինսոնը դաշտում լիբերալ է: Նրան Եվրոպայի այս առաջնությունում օգնելու են Մայքլ Մալլարկին, Սթիվեն Չայլդը և Հարի Բեսուիկը, իսկ լրացուցիչ օգնականները կլինեն Մայքլ Օլիվերն ու Քրեյգ Պոուսոնը:

Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

Անգլիան միակ երկիրն է, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունում մրցավարական երկու խումբ կունենա: Մարկ Կլատենբուրգն օգնականներ Սիմոն Բեկի, Ջեյք Կոլլինի, Ստյուարտ Բերտի և Էնթոնի Թեյլորի ու Անդրե Մարիների հետ նոր է ավարտել աշխատանքը Չեմպիոնների լիգայում, իսկ հիմա պատրաստվում է Ֆրանսիա մեկնել: Մասնագիտությամբ էլեկտրիկ, «Նյուքասլի» երկրպագու Կլատենբուրգը 30 տարեկանում դարձավ Անգլիայում ՖԻՖԱ-ի ամենաերիտասարդ մրցավարը: Հիմա բրիտանացին 41 տարեկան է, 4 տարի առաջ Ատկինսոնի պես Ուեբին օգնել է Եվրո-2012-ի ժամանակ: Կլատենբուրգը ևս լիբերալ է, չի փորձում իշխողի դերում լինել և խաղը փչացնել ավելորդ 11-մետրանոցներ նշանակելու կամ ֆուտբոլիստներին հեռացնելու պատճառով։

Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

Վերջերս մարզական ուղղությամբ իրավաբանական գիտությունների դոկտոր դարձած գերմանացին Բրազիլիայի Մունդիալի մի քանի հանդիպում է դատել: Նրան էին վստահել նաև 2013 թվականի Եվրոպա լիգայի «Բենֆիկա»-«Սևիլյա» եզրափակիչը: Գերմանական մենթալիտետի շնորհիվ 40-ամյա Բրիխը վստահ է դաշտում ընդունած որոշումներում և շատ հազվադեպ է սխալվում, սակայն չպետք է մոռանալ Բունդեսլիգայում նրա հանրահայտ սխալը՝ «Հոֆենհայմ»-«Բայեր» խաղում Շտեֆան Կիսլինգի զավեշտալի գնդակը հաշվելը: Եվրոպայի առաջնության ժամանակ այդպիսի սխալներից խուսափելու համար նրան կօգնեն Մարկ Բորշը, Շտեֆան Լուպը, Մարկո Ահմյուլերը, Բաստիան Դանկերտը և Մարկո Ֆրիցը:

Ջյունեյթ Չակիր (Թուրքիա)

Ապահովագրական ընկերությունում աշխատող 39-ամյա Չակիրին համարում են Եվրոպայի ուժեղագույն մրցավարներից մեկը: Նրա անվան դիմաց են գրանցված Եվրո-2012-ի Պորտուգալիա-Իսպանիա կիսաեզրափակիչը, 2012 թվականի Աշխարհի ակումբային առաջնության «Չելսի»-«Կորինտիանս» և 2015 թվականի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Յուվենտուս» եզրափակիչները: Չակիրը կոշտ մրցավար է և չի վարանում քարտեր բաժանելիս. Թուրքիայի Սուպերլիգայի 19 խաղում նա 50 դեղին և 3 կարմիր է տվել: Ֆրանսիայում Չակիրին օգնելու են Բահատին Դուրանը, Տարիկ Ինգունը, Մուստաֆա Էմրե Էյսոենը, Հուսեին Գեչեկը և Բարիս Սիմսեկոն:

Ուիլյամ Կոլլամ (Շոտլանդիա)

37-ամյա շոտլանդացին դպրոցում «կրոնական դաստիարակություն» է դասավանդում: Նա միջազգային մրցաշարերում աշխատելու փորձ դեռևս չունի, դատել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի և 2015 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Բարսելոնա»-«Սևիլյա» խաղերը: Կոլլամը մեծ փորձություն է հաղթահարել՝ երկու անգամ դատելով «Սելտիկ»-«Ռեյնջերս» դերբին, ապա սպառնալից նամակ է ստացել: Կոլլամի հետ Եվրոպայի առաջնությունում կաշխատեն իռլանդացի Դամյեն Մակգրատը, շոտլանդացիներ Ֆրենսիս Կոննորը և Դուգլաս Ռոսսը,  լրացուցիչ օգնականներ Բոբբի Մեդդին և Ջո Բիտոնը:

Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

Էրիկսոնն աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային մրցավարն է և 2011-ից սեփական հաճույքի համար է աշխատում: Նախկինում 42-ամյա մրցավարը ընկերություն ուներ, որը հեռուստահեռարձակման վաճառքով էր զբաղվում, դրա արդյունքում նա ավելի քան 11 միլիոն եվրո շահույթ է ստացել: Այս մրցաշրջանում Շվեդիայի լավագույն մրցավարը դատել է Եվրոպա լիգայի «Լիվերպուլ»-«Սևիլյա» եզրափակիչը, իսկ անցյալ մրցաշրջանում նրան էին վստահել Չեմպիոնների լիգայի երկու կիսաեզրափակիչներ: Էրիկսոնը շատ լիբերալ է դաշտում, հազվադեպ է խաղն ընդհատում և չի խանգարում խաղացողների պայքարին: Նրա հետ կաշխատեն Մատիաս Կլասենիուսը, Դանիել Վերնմարկը, Մեհմետ Ջուլուն, Ստեֆան Յուհանեսսոնը և Մարկուս Ստրեմբերգսոնը:

Վիկտոր Կասսայի (Հունգարիա)

40-ամյա մրցավարը, ով առաջին մասնագիտությամբ վաճառքի մենեջեր է, դեռ Եվրո-2008-ին էր հայտավորված որպես լրացուցիչ մրցավար: Այդ ժամանակվանից մինչև հիմա հունգարացի Կասսային հասցրել է դատել Պեկինի Օլիմպիական խաղերի եզրափակիչը, Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչը և աշխատել է ՀԱՀ-ի Աշխարհի առաջնության, Լեհաստանում և Ուկրաինայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ: Եվրոպայի վերջին առաջնության ժամանակ մրցավարը, հնարավոր է, առանցքային և ապագայի վրա ազդեցություն թողած շատ սխալներ է թույլ տվել: Կասսային սխալմամբ չի հաշվել Անգլիա-Ուկրաինա խաղում Մարկո Դևիչի խփած գնդակը․ մրցավարը չէր նկատել, որ գնդակը հայտնվել էր դարպասում: Որպեսզի Կասսային այս առաջնությունում էլ չսխալվի, նրան կօգնեն Դորդ Ռինգը, Վենցել Տոտը, Տոմաշ Բոգնարը, ինչպես նաև Ալբերտ Իշտվան ու Ադամ Ֆարկաշը:

Բյորն Կույպերս (Հոլանդիա)

Հոլանդացին մրցավարական տոհմի ժառանգ է. նրա հայրը հնարավորություն է ունեցել աշխատելու Հոլանդիայի առաջնությունում: Ի տարբերություն հորը՝ Բյորնը կոպիտ չէ: Բացի այդ, Կույպերսը բիզնես ղեկավարման կրթություն է ստացել և սուպերմարկետների ցանցի, վարսավիրանոցի սեփականատեր է: Բյորնը 2006-ին է ՖԻՖԱ-ի որակավորում ստացել։ Հոլանդական մրցավարական կազմում կլինեն նաև Սանդեր վան Ռուկելը, Էրվին Զեյնստրը, Մարիո Դիսկան, Պոլ վան Բուկելը և Ռիչարդ Լիսվելդը:

Սվեյն Մոեն (Նորվեգիա)

Այս մրցավարը երեք անգամ լավագույնն է ճանաչվել Նորվեգիայում, բայց ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել աշխատելու միջազգային մրցաշարերում: Նրա մասնակցությամբ ամենախոշոր խաղը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«ՊՍԺ» հանդիպումն է եղել: Սվեյնին Եվրոպայի առաջնության խաղերը դատել օգնելու են Կիմ Թոմաս Հագլունը, Ֆրանկ Անդասը, Սվեն Էրիկ Միդտելը, Կեն Հենրի Յոնսենը և Սվեն Էրիկ Էդվարթսենը:

Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

Սերջիո Գոնելայից և Պյերլուիջի Կոլինայից հետո իտալական մրցավարական դպրոցի գլխավոր դեմքը Նիկոլա Ռիցոլին է: Ֆուտբոլային աշխատանքից դուրս ճարտարապետությամբ զբաղվող 44-ամյա մրցավարի կարիերայում նշված են 2010թ. Չեմպիոնների լիգայի «Բորուսսիա»-«Բավարիա» և Մունդիալ 2014-ի Գերմանիա-Արգենտինա եզրափակիչները: Ռիցոլին չի վարանում ֆուտբոլիստներին դեղին քարտեր տալ, հաճախ էլ հեռացնել խաղադաշտից։ Ռիցոլիի հետ Եվրոպայի առաջնությունում փորձ ձեռք կբերեն Էլենիտո Դի Լիբերատորեն, Մաուրո Տոնոլինին, Ջանլուկա Կարիոլատոն, Լուկա Բանտին և Անտոնիո Դամատոն:

Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)

Եվրո-2016-ի ամենաերիտասարդ՝ 34-ամյա մրցավարի համար առաջին խոշոր մրցաշարը հենց նրա հայրենիքում է անցկացվելու: 27 տարեկանում Տյուրպենը ՖԻՖԱ-ի որակավորում է ստացել, դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ մրցավարը և միանգամից նշանակվել է Ֆրանսիայի գավաթի եզրափակչի՝ «ՊՍԺ»-«Լիլ» խաղի մրցավար: Նախկինում մինչև 30 տարեկանը բոլորելը Ֆրանսիայում մրցավարներին այդպիսի բարձրակարգ խաղեր չէին վստահում: Տյուրպենն ընդհանուր առմամբ հանգիստ մրցավար է, բայց երբեմն հասարակ իրավիճակներում սիրում է դեղին քարտեր բաժանել: Նրա հետ Եվրոպայի առաջնության խաղերը կդատեն Ֆեդերիկո Կանոն, Նիկոլյա Դանոն, Սիրիլ Գրինգորը, իսկ խմբի լրացուցիչ մրցավարները կլինեն Բենուա Բաստյենն ու Ֆրեդի Ֆոտրելը:

Եվրոպայի այս առաջնության գլխավոր մրցավարներից են նաև Օվիդիու Հացեգանը (Ռումինիա), Պավել Կրալովեցը (Չեխիա), Շիմոն Մարցինյակը (Լեհաստան), Միլորդ Մաժիչը (Սերբիա), Դամիր Սկոմինան (Սլովենիա), Կառլոս Վելասկո Կարբալյոն (Իսպանիա), Սերգեյ Կարասյովը (Ռուսաստան)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում