Եվրո-2016․ Պայեի հիանալի գոլի շնորհիվ Ֆրանսիան հաղթեց Ռումինիային (տեսանյութ)

Եվրո-2016․ Պայեի հիանալի գոլի շնորհիվ Ֆրանսիան հաղթեց Ռումինիային (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի հավաքականը մրցեց Ռումինիայի հետ։

«Ստադ դե Ֆրանսում» կայացած հանդիպման առաջին կեսում ռումինացիները համակարգված խաղ ցուցադրեցին՝ չզիջելով անվանի մրցակցին։ Մեկնարկում Ռումինիան հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Բոգդան Ստանկուն մոտ տարածությունից չկարողացավ գրավել Լյորիսի պաշտպանած դարպասը։ Աստիճանաբար նախաձեռնությունն անցավ ֆրանսիացիների կողմը, սակայն Անտուան Գրիզմանի, Օլիվյե Ժիրուի հարվածները նպատակին չհասան, և հավաքականներն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Հանդիպման հաշիվը բացվեց 57-րդ րոպեին․ Օլիվյե Ժիրուն հաղթեց Տետերուշանուի հետ օդային պայքարում և խփեց առաջնության անդրանիկ գոլը։

Այդուհանդերձ, Դիդյե Դեշամի թիմի ուրախությունը երկար չտևեց․ 64-րդ րոպեին Էվրան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Նիկոլաե Ստանչուի նկատմամբ, և հանդիպման գլխավոր մրցավար Վիկտոր Կասային նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Բոգդան Ստանկուն։

1։1 հաշիվը պահպանվեց մինչև 89-րդ րոպեն, երբ Դիմիտրի Պայեն դարձավ հրաշալի գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։ Հավելենք, որ A խմբի առաջին տուրի մյուս՝ Ալբանիա-Շվեյցարիա հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։

Եվրոպայի առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր, A խումբ

Ֆրանսիա – Ռումինիա՝ 2։1
Գոլերը՝ Ժիրու 57′, Պայե 89′ – Ստանկու 65′ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում