Եվրո-2016․ Անգլիան հաղթեց Ուելսին և գլխավորեց B խումբը (տեսանյութ)

Եվրո-2016․ Անգլիան հաղթեց Ուելսին և գլխավորեց B խումբը (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը հաղթեց Ուելսի ընտրանուն։

Լանսի «Ֆելիքս Բոլար» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում Անգլիան ավելի շատ էր վերահսկում գնդակի տեղաշարժը, ավելի վտանգավոր էր գրոհում, սակայն հաշիվը բացեց Ուելսը․ 42-րդ րոպեին Գարեթ Բեյլը երկրորդ խաղն անընդմեջ գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածից։

Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց, և Ռոյ Հոջսոնի թիմին հաջողվեց հաղթանակ տոնել․ 56-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ջեյմի Վարդին, իսկ 92-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Դենիել Սթարիջը։

Այսպիսով, B խմբի հավաքականներն անցկացրին երկրորդ տուրի իրենց խաղերը․ այժմ Անգլիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, Սլովակիան և Ուելսը ունեն 3-ական միավոր, իսկ Ռուսաստանը՝ 1։ Երրորդ տուրում Ուելսը մրցելու է Ռուսաստանի հետ, Անգլիան՝ Սլովակիայի։

Եվրո-2016, խմբային փուլ, երկրորդ տուր, B խումբ

Անգլիա – Ուելս՝ 2։1
Գոլերը՝ Վարդի 56′, Սթարիջ 90+2′ – Բեյլ 42′

Հետևեք մեզ նաև Telegram-ում