Եվրո-2016․ Խմբային փուլի ամենաարդյունավետ, կարգապահ, դիպուկ հավաքականները և ֆուտբոլիստները

Եվրո-2016․ Խմբային փուլի ամենաարդյունավետ, կարգապահ, դիպուկ հավաքականները և ֆուտբոլիստները

Այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլը։ Նախքան վճռորոշ հանդիպումներն առաջարկում ենք հետադարձ հայացք գցել խմբային փուլին։

Ամենաարդյունավետ խումբը – F (15 խաղ)

Հունգարապորտուգալական դիմակայությունը F խմբին թույլ տվեց դառնալ ամենաարդյունվետը։ Այս խմբի հավաքականները 15 գոլ են խփել։ Մեկ գնդակով պակաս են B և D խմբերը։ 10 և 9 անգամ գոլ խփել են համապատասխանաբար E և A մբերի մասնակիցները, իսկ ահա Գերմանիան Լեհաստանը, Հյուսիսային Իռլանդիան և Ուկրաինան միասին ընդամենը 7 գնդակ են խփել, ինչը վատագույն արդյունքն է։

Ամենաարդյունավետ խաղը – Հունգարիա-Պորտուգալիա (6 գոլ)

Ընթացիկ առաջնությունը գոլերով աչքի չի ընկնում, սակայն F խմբի Հունգարիա-Պորտուգալիա խաղը բացառություն էր։ Միջինում հավաքականները մեկ խաղում 1,92 գնդակ են խփում։ Բացի այդ, ոչ մի թիմ 3-ից ավելի գնդակ դեռևս չի խփել։ 

Ամենաարդյունավետ հավաքականները՝ Հունգարիա, Ուելս (6 խաղ)

Առաջնության սկզբում բարդ էր հավատալ, բայց հենց Հունգարիան և Ուելսը կարողացան խմբային փուլում բոլորից շատ գնդակներ խփել։ Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականը կիսում են Իսպանիան ու Խորվաթիան՝ 5-ական գոլ: 4-ական գոլ են խփել Պորտուգալիան, Իսլանդիան, Հունգարիան և Ֆրանսիան։ Ուկրաինայի հավաքականը խմբային փուլում գոլ չխփեց։ Ուկրաինան նաև միակն է, որ բոլոր երեք հանդիպումներում էլ պարտություն է կրել։ Մեկ գոլ են խփել Ալբանիան, Ավստրիան ու Շվեդիան։

Լավագույն պաշտպանություն ունեցող հավաքականները՝ Գերմանիա և Լեհաստան (0 բաց թողած գնդակ)

Գերմանիան ու Լեհաստանը խմբային փուլում որևէ մեկից գնդակ չեն ընդունել։ Մեկական գնդակ բաց են թողել Ֆրանիսան, Իտալիան, Շվեյցարիան։ Ռուսաստանը խմբային փուլում ամենաշատ գնդակ բաց թողած հավաքականն է․ Ակինֆեևն իր դարպասը վեց գնդակ է ընդունել։ Հինգ գնդակ են ընդունել Չեխիան, Ուկրաինան։

Ամենաշատ հարվածները կատարած հավաքականը՝ Պորտուգալիա (69 հարված)

Ֆերնանդու Սանտուշը հպարտությամբ կարող կրել ամենաշատ հարվածներ կատարած հավաքականի մարզչի տիտղոսը։ Պորտուգալիան 69 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, բոլորից հաճախ՝ 22 անգամ հենց դարպասին, 19 հարված էլ կասեցվել է մրցակիցների կողմից։ Չնայած այս ամենին՝ Պորտուգալիան ոչ մի հաղթանակ չի տոնել։ Մրցակցի դարպասի ուղղությամբ ամենաքիչ հարվածներ կատարած թիմը Հյուսիսային Իռլանդիան է՝ 17։ 

Հավաքական, որ բոլորից շատ անկյունային է իրացրել՝ Պորտուգալիա (30)

Այստեղ հարվածների իրավիճակն է կրկնվում։ Բոլորից շատ Պորտուգալիան է անկյունային հարվածներ իրացրել։ Նվազագույն ցուցանիշը Հյուսիսային Իռլանդիայինն է՝ 7։

Բոլորից շատ խաղից դուրս հայտնված հավաքականը՝ Շվեյցարիա (15)

Այս հավաքականի ֆուտբոլիստները բոլորից շատ են շտապել հարձակման գծում։ Շվեյցարացիներն ամեն խաղում միջինում 5 անգամ խաղից դուրս իրավիճակում են հայտնվել։ Իտալիան այդպիսի ընդամենը մեկ դեպք է գրանցել։

Ամենակարգապահ հավաքականը՝ Իսպանիա (1 դեղին քարտ)

Եվրոպայի գործող չեմպիոնը խմբային փուլի երեք խաղում ընդամենը մեկ դեղին քարտի է արժանացել։ Իսպանիային երկուական քարտերով հետևում են Անգլիան, Պորտուգալիան, Ուելսը, Ռուսաստանը։ Բոլորից շատ կանոնները խախտել են Ալբանիան, Ռումինիան, Իտալիան՝ 10-ական դեղին քարտ։ Խմբային փուլի 24 խաղում մրցավարներն ընդամենը երկու կարմիր քարտ են ցույց տվել, այն էլ՝ առաջին տուրում․ հեռացվել են Ալբանիայից Լորիկ Ցանան և ավստրիացի Ալեքսանդր Դրագովիչը։

Գնդակին ամենաշատը տիրած հավաքականը՝ Գերմանիա (66%)

Յոախիմ Լյովի ընտրանին խմբային փուլում ամենաշատն է վերահսկել գնդակի տեղաշարժը։ Հյուսիսային Իռլանդիան վատագույն արդյունքն է գրանցել՝ 34%։ Զարմանալի չէ, որ հենց այդ երկու թիմերի հանդիպման ժամանակ է գնդակին տիրելու ամենամեծ տարբերությունը գրանցվել․ երրորդ տուրում գերմանացիները 71% ցուցանիշ են գրանցել Հյուսիային Իռլանդիայի 29%-ի դիմաց։

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները՝ Ալվարո Մորատա և Գարեթ Բեյլ (3 գնդակ)

Այս ֆուտբոլիստները կարողացել են իրենց խփած գնդակներով առաջ անցնել 12 հավաքականից։ Գարեթին և Ալվարոյին հավասար գնդակներ են խփել Իտալիան, Գերմանիան, Անգլիան։ Ռմբարկուների աղյուսակի երկրորդ հորիզոնականը կիսում են Դիմիտրի Պայեն, Իվան Պերիշիչը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոմելու Լուկակուն, Նանին, Բոգդան Ստանկուն, Բալոժ Ջուջակը՝ 2-ական գնդակ։

Ամենադիպուկ խաղացողը՝ Գարեթ Բեյլ (11 հարված՝ դարպասին)

Ուելսի հավաքականի առաջատարը խմբային փուլում բոլորից դիպուկ է հարվածել։ Նրա 16 հարվածից միայն երեքն շեղ եղել, երկուսն էլ կասեցվել է։ Ի տարբերություն «Ռեալում» իր խաղընկերոջ՝ Ռոնալդուն 13 շեղ հարված է կատարել։ Պորտուգալացին 8 անգամ հարվածել է դարպասին, 11 անգամ էլ նրա հարվածները կասեցվել են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում