Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպմամբ ավարտվեց Եվրոպայի առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը վիճարկում էին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Պորտուգալիան պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Պորտուգալիայի հավաքականն առաջին խաղակեսում կորցրեց իր առանցքային ֆուտբոլիստին՝ Կրիշտիանու Ռոնալդուին։

Առաջին կեսում Ֆրանսիան տարածքային առավելություն ուներ, ավելի շատ էր տիրում գնդակին և դիպուկ փոխացումներ կատարում, սակայն գոլ հեղինակել նրանց այդպես էլ չհաջողվեց, քանի որ Պորտուգալիայի դարպասապահը վերահսկում էր իրավիճակը։ Թիմերն ընդմիջման գնացին առանց հաշիվը բացելու։ 

Երկրորդ խաղակեսում Ֆրանսիան ուժեղացրեց ճնշումը մրցակցի դարպասի մոտ, սակայն Ռուի Պատրիսիուն կարողացավ մի շարք հիանալի սեյվեր կատարել՝ դարպասն անառիկ պահելով։  Պորտուգալացիներին հաջողվեց միայն մեկ անգամ լրջորեն անհանգստացնել Ուգո Լյորիսին, սակայն ֆրանսիացին ևս վստահ գործեց՝ հետ մղելով Նանիի և Կուարեժմայի իրար հաջորդած հարվածները։

Հանդիպման ավելացված ժամանակում ֆրանսիացիները չափազանց վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն Ժինյակի հարվածը հետ մղվեց դարպասաձողից։ Հիմնական ժամանակում ֆրանսիացիները կատարեցին 17, պորտուգալացիները՝ 6 հարված, որոնցից ոչ մեկը գոլով չեզրափակվեց։

Լրացուցիչ ժամանակում թիմերն այնքան էլ աչքի չընկան ակտիվությամբ։ Շատ վտանգավոր հարված կատարեց Կուարեժման, սակայն Լյորիսն իր բարձունքին էր։ Լրացուցիչ երկրորդ խաղակեսի մեկնարկին գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը վտանգավոր դիրքում տուգանային հարված նշանակեց Ֆրանսիայի դարպասին, և Գերեյրուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ընդամենր րոպեներ անց Էդերը անակնկալ ու հուժկու հարվածով գրավեց Ֆրանսիայի դարպասը՝ հաղթանակի հիանալի հնարավորություն պարգևելով Պորտուգալիային։

Ֆրանսիայի հավաքականն ակտիվացավ բաց թողած գոլից հետո, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել նրանց այդպես էլ չհաջողվեց, և Պորտուգալիան նվաճեց իր պատմության մեջ առաջին չեմպիոնի կոչումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում