Երեք մեդալ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության առաջին օրվանից

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հուլիսի 19-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի 2016թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Մրցումային առաջին օրը 42, 50, 58, 69 և 85 կգ քաշային կարգերի 133 ըմբիշներ խաղարկել են ստուգատեսի առաջին 20 մեդալները: Դրանցից 3-ը (1 արծաթե, 2 բրոնզե) բաժին են հասել հայ մարզիկներին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցաշարին Հայաստանը ներկայացված է 18 ըմբիշներով, որոնցից երեկ մրցագորգ են դուրս եկել 9-ը:  58 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը, պայքարն սկսելով 1/8 եզրափակչից, 3 անընդմեջ հաղթանակ տոնեց և մտավ եզրափակիչ: Վազգենը հաջորդաբար պարտության մատնեց հունգարացի Զոլթան Վիլհեմին (10:0), Ադրբեջանը ներկայացնող Դաուր Պսարդիային (11:2), իսկ կիսաեզրափակչում էլ համառ ջանքերի գնով 3:2 հաշվով առավելության հասավ Թուրքիայի պատվիրակ Մուամմեր Կիլիչիի նկատմամբ: Եզրափակչում մեր ըմբիշը 0:6 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալի Շերիևին և բավարարվեց արծաթե մեդալով:

Հայաստանի ևս 3 պատվիրակ իրավունք էր ստացել վիճարկելու ստուգատեսի բրոնզե մեդալները: Նրանցից երկուսին՝ Առաքել Մովսեսյանին (42 կգ) և Մհեր Մարկոսյանին (85 կգ) հաջողվեց հաղթանակներ տոնել վճռորոշ գոտեմարտերում և արժանանալ բրոնզե մեդալի:

Մրցումային 1-ին օրվա արդյունքներով մասնակից 29 երկրների ընտրանիների թիմային պայքարում առաջատարների հնգյակն այս տեսքն ունի. 1.Ռուսաստան՝ 69 միավոր, 2. Ադրբեջան՝ 56 միավոր, 3. Թուրքիա՝ 50 միավոր, 4. Վրաստան՝ 41 միավոր, 5.Հայաստան՝ 33 միավոր:

Այսօր մեդալներ են խաղարկվելու մնացած հինգ՝ 46, 54, 63, 76 և 100 կգ քաշային կարգերում:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում