Արման Անդրեասյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Ստոկհոլմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշները 6 մեդալ նվաճեցին (1 ոսկե, 3 արծաթե և 2բրոնզե)։ Թիմային պայքարում 29 երկրի 254 ըմբիշների մասակցությամբ ստուգատեսում մեր հավաքականը 4-րդ հորիզոնականում է:

Մրցումային 2-րդ օրը մրցագորգ ելած և 46, 54, 63, 76, 100 կգ քաշային կարգերի մրցապայքարին մասնակցած մեր 9 պատվիրակներից 5-ին հաջողվեց բոլոր 5 քաշային կարգերում միջամտել մրցանակային տեղերի պայքարին և 1-ին օրը նվաճած 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներին ավելացնել 1 ոսկե և 2 արծաթե մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

46, 54 և 63 կգ քաշային կարգերում ՀՀ 3 ներկայացուցիչներ հաղթանակներով էին ավարտել իրենց նախորդ բոլոր մեմամարտերն ու մտել եզրափակիչ: Նրանցից 63 կգ քաշային Արման Անդրեասյանը, եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի պատվիրակ Ինալ Ժոպուայի նկատմամբ, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանն ու 46 կգ քաշային կարգի պատանիների 2015 թ Եվրոպայի չեմպիոն, ներկայումս 54 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արսեն Հարությունյանը եզրափակչում չկարողացան հաղթանակ տոնել և բավարվեցին արծաթե մեդալով։

76 կգ և 100 կգ քաշային կարգերում էլ ՀՀ 2 ներկայացուցիչներն իրավունք էին ստացել վիճարկելու բրոնզե պարգևները, սակայն վճռորոշ մենամարտերում հաջողությունն ուղեկցեց նրանց մրցակիցներին։

Թիմային պայքարում ուժեղագույն ընտրանիների հնգյակն այս տեսքն ունի՝

1. Ռուսաստան՝ 130 միավոր

2. Ադրբեջան՝ 119 միավոր

3. Թուրքիա՝ 81 միավոր

4. Հայաստան՝ 74 միավոր

5. Վրաստան՝ 58 միավոր:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները մեդալներ կխաղարկեն հուլիսի 23-24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում