Մեր օրերում ավելի հեշտ է ակումբ փոխել, քան հավատարիմ մնալ | Բրայանտի և Տոտտիի համատեղ հարցազրույցը

Անցյալ հանգստյան օրերին առաջին անգամ հանդիպելով՝ Կոբի Բրայանտն ու Ֆրանչեսկո Տոտտին հասկացան, որ ընդհանուր շատ բան ունեն: Լեգենդար բասկետբոլիստի և լեգենդար ֆուտբոլիստի համատեղ հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

***

-Ո՞րն է երկարատև ու հաջողված կարիերայի գաղտնիքը:

Բրայանտ. «Խաղի նկատմամբ ունեցած սերն ու կիրքը, ամեն օր ու ամեն վայրկյան 100% նվիրվելն այնկախ նրանից՝ սովորակա՞ն մարզում է, թե՞ եզրափակիչ փուլի վերջին խաղը: Դա միակ կանոնն է, որ կարիերայիս ամբողջ ընթացքում գոյություն է ունեցել ինձ համար»։

Տոտտի. «Բարձունքներին ու համարձակ նպատակներին հասնել կարելի է միայն այն դեպքում, երբ անմնացորդ նվիրվում ես աշխատանքիդ: Ես էլ եմ հետևել այդ սկզբունքին: Երկուսիս վրա միշտ հսկայական պատասխանատվություն է ընկած եղել ու գլուխներս բարձր խաղալուց բացի այլընտրանք չենք ունեցել։ Բարեբախտաբար, միշտ ի վիճակի եմ եղել արդարացնել երկրպագուների սպասելիքներն ու օգնել թիմիս»։

-Մեր ժամանակներում ինչպե՞ս է հնարավոր միայն մեկ ակումբում խաղալ։

Բրայանտ. ««Լեյքերսին» մանկուց եմ երկրպագել, սիրել եմ ամբողջ սրտով: Երազում էի երբևէ թիմի անունն ու իմ ազգանունը մարզաշապիկիս կանգնել խաղահատակին: Հաջողակ եմ, որ այսքան ազատ ժամանակաշրջանում կարողացել եմ հավատարիմ մնալ ակումբին: Ես նվիրվեցի, քանի որ ակումբն էլ ինձ էր ընտրել»։

Տոտտի. ««Ռոման» միակ ակումբն է, որ գոյություն ուներ ինձ համար, երբ դեռ երեխա էի: Երազում էի կարիերաս նույն թիմում անցկացնելու և թիմի ավագը դառնալու մասին: Երևում է, որ ինչ-որ իմաստով ընտրյալ եմ, քանի որ կարողացել եմ հասնել դրան»։ 

-Ի սկզբանե այդպիսի՞ նպատակ եք դրել ձեր առաջ, թե՞ պատահականության գործոնը մեծ է եղել։

Բրայանտ. «Ակումբի հետ հարաբերությունները կարելի է ընտանեկան հարաբերությունների հետ համեմատել: Պետք է ամեն օր աշխատեք դրանց վրա ու սովորեք ոչ միայն ինչ-որ բան ստանալ, այլև տալ: 20 տարի մեծ շուկա ունեցող ակումբում եմ անցացրել, նրա հետ մնացել ոչ միայն հաղթանակի, այլև անհաջողության պահին: Չեմ կարող ասել, որ իմ ծրագիրն էր, բայց դժվար թե ցանկանայի որևէ բան փոխել»:

Տոտտի. «Որքան երկարում էր կարիերաս, այնքան ավելի շատ էի ցանկանում ճանապարհս «Ռոմայի» հետ անցկացնել: Ինչո՞ւ: Ես, ինչպես Կոբին, ոչ թե իմ փառքի մասին էի մտածում, այլ այն պատասխանատվության, որ դրված էր ուսերիս: Ցանկանում էի որքան հնարավոր էր հաճախ հաղթել այն թիմի հետ, որին սիրահարված էի»։

-Մի՞թե գումարն ու այլ աստղերի հետ խաղալը երբեք չեն հետաքրքել ձեզ:

Բրայանտ. «Չեմ թաքցնի, որ երբեմն հեռանալու մտքեր ծագել են գլխումս, բայց չափազանց հեշտ է թիմում մնալ, երբ այն հաղթում է ու փախչել ինչպես առնետը նավից, երբ այն խորտակվում է»:

Տոտտի. «Միշտ էլ կարելի է ֆինանսական տեսանկյունից ավելի գայթակղիչ առաջարկներ ընտրել, սակայն ինձ համար «Ռոմայի» մարզահագուստը կրելը պատիվ է: Շատ ֆուտբոլիստներ կարող են երկար խոսել այս թեմայով, բայց դա բարդ է բացատրել, պետք է զգալ: Մեր օրերում ավելի հեշտ է ակումբ փոխելը, քան մնալ այն թիմում, որի հետ առաջին քայլերդ ես արել»։

-Երկուսդ էլ ձեր հավաքականների կազմում հանդես եք եկել «10» համարի ներքո: Ի՞նչ էիք զգում երկրի պատիվը պատմություն ունեցող համարի ներքո պաշտպանելիս:

Բրայանտ. «Ինձ համար զարմանալի էր, քանի որ միշտ ցանկացել եմ հենց այդ համարի մարզաշապիկը կրել: «Լեյքերսում» սկզբում «8» համարն էի կրում, ապա «24», իսկ ազգային հավաքականում միանգամից հայտարարեցի, որ «10»-ն եմ ցանկանում: Հիշում եմ՝ բացատրեցի՝ ասելով, թե իմ սիրելի ֆուտբոլիստներն այդ համարի մարզաշապիկով են խաղում»։

Տոտտի. «Իմ դեպքում մի փոքր այլ է: Ինձ որքան հիշում եմ միշտ «10» համարի ներքո եմ խաղացել: Իտալիայում այդ համարը յուրահատուկ է, ամեն մեկն այն չի կարող կրել: Պետք է վառ անհատականություն լինես, անզիջում բնավորություն ունենաս ու հավատաս ուժերիդ, որպեսզի քեզ թույլ տաս կրել այն»։

-Կոբի, հիշո՞ւմ եք, թե երբ ու որտեղ որոշեցիք՝ ժամանակն է խաղակոշիկները պահեստավորել:

-Օ՜հ, Լոս-Անջելեսի 405-րդ մայրուղում խցանման մեջ էի ու սկսեցի մտածել՝ կկարողանա՞մ ևս մեկ տիտղոս նվաճել: Ես հասկացա, որ պետք չէր շարունակել խաղալ բացառապես խաղալու ցանկություն ունենալու պատճառով:

-Ֆրանչեսկո, ի՞նչ ակնկալիք ունեք Ձեզ համար վերջին մրցաշրջանից:

-Եթե հիմնական կազմում տեղ ունենամ, պարզապես կխաղամ: Չպետք է օգտվեմ մարզչական կազմի ուշադրությունից միայն այն պատճառով, որ սա վերջին մրցաշրջանս է: Անհրաժեշտ է 9 ամիսների յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ջանք գործադրել ու համապատասխանել բոլորին պահանջներին: Մինչև հիմա չեմ սառել ֆուտբոլի նկատմամբ ու պատրաստ եմ զվարճանալ։ Դա խթանում է ինձ:

Բրայանտ. «Ինձ համար ամեն ինչ մի-փոքր այլ է: Հասկացել եմ, որ նախորդ 2-3 տարիների հետ համեմատած, այսօրվա ցանկություններս այլ են: Ինձ համար այն ժամանակ միայն բասկետբոլն էր, բայց ժամանակի հետ սկսեցի այլ բաների մասին ևս մտածել ու դա նշան էր»։

Տոտտի. «Իհարկե հասկանում եմ, որ հաջորդ ամռանից բավականին ազատ ժամանակ կունենամ, հնարավորություն կունենամ ֆուտբոլի պես որևէ բանով զբաղվելու համար, բայց դեռ հստակ չգիտեմ՝ ինչո՞վ: Կարիերան ավարտելուց հետո շատ ֆուտբոլիստներ մարզիչներ են դառնում: Դա այն է, ինչով ապագայում կարող եմ զբաղվել:

Բրայանտ. «Ֆրանչեսկո, Կարդացել եմ, որ կարիերայիդ ավարտից հետո քեզ բացառապես տնօրենի կարգավիճակում ես տեսնում»։

Տոտտի. «Նախկինում այդպես էր, բայց որքան մոտ է կարիերայիդ ավարտը, այնքան շատ է գլուխդ լցվում մտքերով, որ բարդ կլինի հրաժարվել ոտքերիդ տակի գնդակից: Չեմ բացառում, որ կարող եմ մարզիչ դառնալ: Եթե նախկին խաղընկերներիցս շատերը կարողացել են անել դա, ապա ես էլ կկարողանամ»։

-Ի՞նչ կարող եք ասել միմյանց մասին:

Բրայանտ. «Ինչպե՞ս մեկ բառով կոչեմ Ֆրանչեսկոյին: Աստղից ավելի պարզ ոչինչ չկա»։

Տոտտի. «Կոբին ինձ համար լեգենդ է: Նա լավագույնն է իր տեսակի մեջ: Ընդգծում եմ՝ լավագույն բասկետբոլիստը, նրան հավասարը չկա»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում