Կլոպ. Ես մեկ ֆուտբոլիստի համար 100 միլիոն չէի ծախսի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու փորձերը, նշել է, որ ինքը 100 միլիոն ֆունտ ստերլինգ չէր ծախսի մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։

-Եթե դուք 100 մլն ֆունտ եք ծախսում մեկ ֆուտբոլիստի վրա, և նա վնասվածք է ստանում, այդ փողերը գնում են կոյուղին։ Իսկ սա ֆուտբոլ է, որտեղ բոլորը միասին են խաղում։ Յուրաքանչյուրը խաղը յուրովի է հասկանում։ Իհարկե, բոլորն ուզում են լավագույնին իրենց թիմում տեսնել, բայց հաջողության համար այդ թիմը կառուցել է պետք։

Այլ ակումբներ կարող են շատ փող ծախսել ու լավագույն ֆուտբոլիստներին հավաքել։ Ես ուզում եմ այլ կերպ աշխատել։ Եթե անգամ նման գումարներ ծախսելու հնարավորություն ունենայի, ես դա այլ կերպ կբաշխեի։ Իրականում ինձ չեն էլ ասել՝ ինչքան գումար կարող եմ ծախսել տրանսֆերների համար։

Ես գումար կօգտագործեմ միայն իսկական թիմ կառուցել փորձելու համար։ Այդպես է աշխատում նաև «Բարսելոնան»։ Ինչ վերաբերում է այլ ակումբների հետ մրցակցությանը, երբ բոլորն սկսում են լողալ նույն լողավազանում, ապա վերջինս սկսում է փոքր թվալ։ Բոլորը պայքարում են միևնույն ֆուտբոլիստների համար։

Իրականում այդ լողավազանի սահմաններից դուրս ևս ֆուտբոլիստներ կան։ Մենք փորձում ենք փնտրել իրենց կարիերայում նոր քայլի պատրաստ խաղացողների։ Բոլորը գիտեն նախորդ մրցաշրջանի լավագույն ֆոտբոլիստներին, բայց չգիտեն՝ ով է լավագույնը լինելու հաջորդում։ Մենք դա ենք փորձում կանխատեսել։ Մեր մեջ ասած՝ այդպես նաև ավելի էժան է։

Այստեղ հարցը կրեատիվությունը չէ, այլ այնպիսի մարդկանց որոնումը, որոնք պատրաստ կլինեն մեզ հետ առաջ քայլ անել,-հայտարարել է Կլոպը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում