Չի կարելի պոկեմոն փնտրել, կոնֆետ ուտել, տիեզերք թռչել | Ինչե՞ր են արգելել ֆուտբոլիստներին

Արդեն տեղեկացրել ենք, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին արգելել է «Pokemon Go» խաղալ: Տեսնենք, թե էլ ի՞նչ տարօրինակ արգելքներ են ունեցել ֆուտբոլիստները։

«Արսենալում» «Mars» կոնֆետն արգելված հաճույք է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ֆուտբոլիստներին ոչ միայն արգելեց քաղցրավենիք ուտել, այլ հստակ կոնֆետ մատնանշեց․ ֆրանսիացի մասնագետն արգելեց «Mars» ուտել: Թիմի ֆուտբոլիստները հենց այդ կոնֆետի նկատմամբ թուլություն ունեին: Վենգերը պատմել է, որ մի անգամ ավտոբուսում ֆուտբոլիստները նույնիսկ վիճաբանել են իր հետ՝ բղավելով․ «Վերադարձրու մեր «Mars»-ը»:

«Չելսիի» ֆուտբոլիստներին արգելվեց կատակել

«Չելսիի» ֆուտբոլիստների մոտ Ժոզե Մոուրինյուի օրոք ամեն ինչ շատ խիստ էր: Լոնդոնցիների համար անցյալ մրցաշրջանը հարթ չէր․ թիմը սեպտեմբերին առաջնության աղյուսակի ստորին հորիզոնականներում էր: Վատ արդյուքներից հետո Մոուրինյուն ֆուտբոլիստներին արգելեց կատակել ու ծիծաղել մարզումների ժամանակ: 

Նիգերիացի ֆուտբոլիստներին արգելվեց ականջողեր կրել

2011-ի ավարտին Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչը Սթիվեն Կեշին էր: Նրա առաջին որոշումներից էր տեղական ակումբների փոքրիկ ֆուտբոլիստների համար հատուկ ճամբարներ հիմնելը: Կեշին այնտեղ բարձրաձայնեց իր պահանջը՝ չդակել ականջները, քիթը, շրթունքները և մարմնի մյուս մասերը: Նա պնդում էր, որ պետք չէ կրկնօրինակել եվրոպացի ֆուտբոլիստներին:

Ֆրանսիացի ֆուտբոլիստներին արգելված էր հեռուստացույց դիտել

2007-ի նոյեմբերին Շոտլանդիայի հավաքականի պարտությունը կարող էր Ֆրանսիային Եվրո-2008-ի ուղեգիր ապահովել: Այդ ժամանակ նրանք սեփական հաղթանակի կարիքն էլ չէին ունենա, բայց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը որոշեց ֆուտբոլիստներին արգելել դիտել Շոտլանդիա-Իտալիա հանդիպումը: Ռայմոն Դոմենեկն ասաց, որ հաղթանակի հասնելու անհրաժեշտության բացակայությունը կարող է ազդել ֆուտբոլիստների հոգեբանության վրա: Մարզիչը հայտարարեց, որ մարզաբազայի բոլոր հեռուստացույցերի տեղերն անգիր գիտի: Այդ ժամանակ համակարգչով ֆուտբոլային հանդիպումներին հետևելն այնքան էլ տարածված բնույթ չէր կրում:

Իրանցի ֆուտբոլիստներին արգելել են սելֆիներ անել երկրպագուների հետ

Անցյալ տարի Ասիայի գավաթն Ավստրալիայում տեղի ունեցավ: Իրանի հավաքականի ֆուտբոլիստներին ճանապարհին արգելեցին սելֆիներ անել երկրպագուների հետ: Այդ մասին ֆուտբոլիստներին հայտնեց Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովի նախագահը: Բանն այն է, որ իսլամական պետություններում արգելք կա սպորտային միջոցառումներին կանանց այցելության վրա: Ավստրալիայում նման արգելք չկա, սակայն Իրանի ֆուտբոլային ղեկավարությունը որոշեց, որ այդ լուսանկարները կարող են օգտագործվել քաղաքական նկատառումներով:

Ռուս ֆուտբոլիստներին արգելվեց անպարկեշտ բառեր օգտագործել

2014 թվականին Ռուսաստանի առաջնությունը «Ստոպ-հայհոյանք» ակցիա իրականացրեց: Նպատակը ռուսական ֆուտբոլն անպարկեշտ բառերից մաքրելն էր: Անպարկեշտ բառերի օգտագործումից պետք է հրաժարվեին և՛ երկրպագուները, և՛ ֆուտբոլիստները: Թե տրիբունաներից բառերն ինչքան պակասեցին՝ կարևոր չէ, որովհետև գլխավորն այն է, որ նախաձեռնությունը մնաց շատերի հիշողության մեջ: Հատկապես այն բանից հետո, երբ «Ստոպ-հայհոյանք»-ի շնորհանդեսի ժամանակ ՌՖՊԼ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանն իրեն մի քանի անպարկեշտ բառ թույլ տվեց:

Մեքսիկացի ֆուտբոլիստներին արգելել են սեքսով զբաղվել

Իրականում մրցաշարերի ընթացքում սեքսով զբաղվել արգելել են մի շարք ակումբներում, բայց ամենահայտնի դեպքերից մեկը Մեքսիկայի հավաքականում տեղի ունեցածն է: Գլխավոր մարզիչ Միգել Էրրերան ֆուտբոլիստներին արգելել էր Մունդիալ 2014-ի մեկնարկից մեկ ամիս առաջ սեքսով զբաղվել: Նշենք միայն, որ Էրրերայի թիմը հասավ մինչև 1/8 եզրափակիչ:

«Սանդերլենդում» արգելել են տիեզերք թռչել

Ահա և ամենատարօրինակ արգելքը: Երբ շվեդ կիսապաշտպան Ստեֆան Շվարցը տեղափոխվեց «Սանդերլենդ», նրան պայմանագրի կետերից մեկով արգելեցին տիեզերք թռչել: Ֆուտբոլիստը դեռ մանկուց երազել էր աստղերին հասնել: Անգլիական ակումբի ղեկավարները մտահոգվեցին ու իրենց ապահովագրեցին նման իրավիճակից։

 

Կարդացեք նաև՝

  

Օգտագործված աղբյուր՝ «Championat.com»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում