Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգան 4 հայ մարզիկներ

Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգան 4 հայ մարզիկներ

Օգոստոսի 10-ին՝ Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը, պայքարի դուրս կգան Հայաստանի չորս ներկայացուցիչներ։

 

Բռնցքամարտ – Արամ Ավագյան (56 կգ քաշային կարգ), Հովհաննես Բաչկով (64 կգ)

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում կմրցի Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Մորիսակային հաղթելու դեպքում Արամ Ավագյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մայքլ Քոնլանի հետ: Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը Վենեսուելայի ներկայացուցիչ Լուիս Արկոնն է։

Ծանրամարտ – Նազիկ Ավդալյան (մինչև 69 կգ), Անդրանիկ Կարապետյան (77 կգ)

Նազիկ Ավդալյանին բավականին լուրջ մրցակցություն է սպասվում: Եվրոպայի առաջնությունում Ավդալյանի գրանցած արդյունքներն Օլիմպիական խաղերի մասնակցի համար բավականին ցածր են մեդալների պայքարին միանալու համար:

Անդրանիկ Կարապետյանը ևս շատ լուրջ մրցակիցներ ունի՝ չինացի Լյու Սյաոցզյունը, Ղազախստանի ներկայացուցիչ Նիջատ Ռահիմովը, եգիպտացի Մոհամեդ Մահմուդը: Նախնական ամենաբարձր պատվերը պատկանում է Լյուին ու Կարապետյանին` 370 կգ: Ռահիմովի նախնական պատվերը 367 կգ է, Մահմուդինը` 365 կգ:

Հավելենք, որ բռնցքամարտի մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 18:00-ին․ Ավագյանը ռինգ դուրս կգա 18:30-ի սահմաններում, Բաչկովը` 19:30-ի։ Ծանրամարտի մինչև 69 կգ քաշային կարգի մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 22:30-ին, իսկ տղամարդկանց ելույթները կսկսվեն գիշերը 02:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում