Արամ Ավագյան․ Թողնում եմ սիրողական բռնցքամարտը

Արամ Ավագյան․ Թողնում եմ սիրողական բռնցքամարտը

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացրած 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին, որոշել է թողնել սիրողական բռնցքամարտը: Այդ մասին Ավագյանը հայտարարել է՝ գրառում կատարելով «Facebook»-ի իր էջում։

«Ինչ կարող եմ ասել. այսպիսով ավարտեցի ելույթներս Օլիմպիական խաղերում: Մրցակիցս աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն էր, 2012թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի մրցանակակիր, բայց դա բավարար չէր ինձնից լավը լինելու համար: Մրցավարության մասին ոչինչ չեմ ուզում ասել, կասեմ մի բան՝ թողնում եմ սիրողական բռնցքամարտը:

Հպարտ եմ, որ հայ եմ ու ամեն անգամ մրցաշարերում իմ երկիրը ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ է, բայց այսպես այլևս չի կարող շարունակվել՝ ամեն անգամ ինձնից խլում են հաղթանակս, չեմ ուզում հերթական անգամ ապրել այդ ցավը: Ցավոք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդկանց ամբիցիաները շատ ավելի կարևոր են, քան մարզիկի աշխատանքն ու ջանքերը, նրանց համար կարևոր չէ ինչից ես դու զրկվել, քանի գիշեր սովից չես քնել և այլն: Նրանք չեն կարող հասկանալ քո անցած ճանապարհը: Շնորհակալություն բոլորիդ, այն ամենի համար, ինչ երբեւէ ինձ համար արել եք»,-գրել է Ավագյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում