Ռիո-2016․ Լևան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Լևան Բերիանիձեն։

Պայքարը սկսելով 1/8 եզրափակիչ փուլից՝ Բերիանիձեն նախ առավելության հասավ չինացի Ժիվեի Դենգի, ապա հունգարացի Դանիել Լիգետիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտվեց թուրք Թահա Ակգուլին և հնարավորություն ստացավ պայքարելու միայն բրոնզե մեդալի համար։

Երրորդ տեղի համար պայքարում Լևան Բերիանիձեի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Իբրահիմ Սաիդովն էր։ Մեր ըմբիշը բաց թողեց բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորությունը․ գոտեմարտն ավարտվեց 2-2 հաշվով, բայց Սաիդովն ավելի բարձր միավորանոց հնարք էր կատարել, ուստի հաղթանակը շնորհվեց նրան։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ․ երեկ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում և մեդալի համար պայքարելու հնարավորություն չստացավ, իսկ օգոստոսի 21-ին պայքարի են դուրս գալու  65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը։

Ռիո-2016-ում Հայաստանի օլիմպիական հավաքականից Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն, իսկ հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը, 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և 105+ կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճել են արծաթե մեդալներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում