Ռիո-2016․ Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը չեն պայքարի բրոնզե մեդալի համար

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը պայքարի դուրս եկան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ ազատոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը։

65 կգ քաշային Սաֆարյանը 1/8 եզրափակչում 1։3 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն Ֆրանկ Չամիզո Մարկեսին, իսկ 97 կգ քաշային Կետոևը 1:8 հաշվով զիջեց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, վրացի Էլիզբար Օդիկաձեին:

Եթե Դավիթ Սաֆարյանի և Գեորգի Կետոևի մրցակիցները հասնեին եզրափակիչ, մեր ըմբիշները սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու և բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն կստանային, սակայն և՛ Մարկեսը, և՛ Օդիկաձեն պարտվեցին կիսաեզրափակչում։ Իտալացի ըմբիշը 4։7 հաշվով զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Տորգուլ Ասգարովին, իսկ Օդիկաձեն 4։9 հաշվով պարտվեց ամերիկացի Կայլ Սնայդերին։

Այսպիսով՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց մեկ ոսկե (Արթուր Ալեքսանյան` հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և երեք արծաթե մեդալ (Միհրան Հարությունյան` հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան` ծանրամարտ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում