Միհրան Հարությունյան. Ըմբշամարտում Հայաստանը ոչինչ չի որոշում

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հանգամանալից անդրադարձել է սերբ Դավոր Շտեֆանեկի հետ դրամատիկ եզրափակչին և իր ապրումներին։

«Ավարտվեցին Ռիո դե Ժանեյրոյի XXXI ամառային Օլիմպիական խաղերը։ 

Չկարողացա որոշել՝ ինչից սկսել, սակայն առաջին բանը, որ կուզենայի ասել, խորին շնորհակալությունս է բոլոր մարդկանց, որոնք առանց տատանվելու իրենց կարծիքն արտահայտեցին Ռիոյի Օլիմպիական խաղերում իմ եզրափակիչ գոտեմարտի մասին։

Շնորհակալ եմ ձեր անվերապահ աջակցության համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք եղել ամենասկզբից և այժմ էլ շարունակում եք աջակցել ինձ։ Ես մեծ աջակցություն եմ զգում իմ ժողովրդի, ամբողջ աշխարհից տարբեր ազգության և կրոնի մարդկանց կողմից։

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է կյանքի ընթացքում բարձրանալ Օլիմպիական խաղերի պատվո հարթակին իր հիմնի հնչյունների տակ և իր երկրի դրոշը բարձրացած տեսնելավ, և ես բացառություն չեմ։ Ամբողջ կյանքս երազել եմ և գնացել դեպի այդ օլիմպիական բարձունքը։ Այդ բարդ ճանապարհին քրտնաջան աշխատանք եմ կատարել։

Այդ երազել եմ այն օրվա մասին, երբ ինձ կհաջողվի պայքարել օլիմպիական ոսկու համար, և այդ երկար սպասված պահը եկավ։

Ռիոյի ճանապարհին իմ հանդեպ շատ անարդարություններ եղան, սակայն ինձ համար այնքան էլ ցավոտ ու վիրավորական չէր այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելը, քանի որ սպասում էի Ռիո-2016-ին։ Հույս ունեի, որ անարդարությունների ժամանակը վաղ թե ուշ կավարտվի ինձ համար։ Ցավոք, հրաշք չեղավ, և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից։ Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով էլ չկարողացա զսպել ինձ։ Ես չափազանց շատ դժվարությունների միջով եմ անցել, ավելի քան 150 օր չեմ տեսել ծնողներիս, որ կարողանամ կատարելապես պատրաստվել և կենտրոնանալ Օլիմպիական խաղերի վրա։ Սպառող մարզումներ, քաշի գցում, վնասվածքներ, իմ թիմի աշխատանքը, իմ ընտանիքի ու երկրի հույսն ու համբերությունը պարզապես գողացված են…

Մի՞թե ամբողջ մարզական աշխարհը աչք կփակի այդ հանցանքի վրա։ Ոչ միայն իմ հանդեպ, շատերն են զրկվել իրենց վաստակած մրցանակներից։

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, քանի որ ամեն ինչ որոշում են սերբերը կամ այլ ազգեր, բայց ես հպարտանում եմ իմ հայ լինելով։ Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև Ռուսաստանին և այնտեղ ապրող մարդկանց, ես ապրել ու մեծացել եմ այնտեղ, սիրում եմ այդ երկիրն ու մարդկանց։

Մեր մարզչական շտաբի, հարազատներիս և իմ ժողովրդի աջակցության շնորհիվ ես 100 տոկոսով պատրաստ էի այս Օլիմպիական խաղերին, տրամադրված և նախապատրաստված։ Ես կարողացա լավ պայքար և արդյունք ցույց տալ, շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ 

Կցանկանայի շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին, Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու առթիվ, նա արժանի էր այդ հաղթանակին։ Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներին՝ արծաթե մեդալներ նվաճած Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին։

Շնորհակալ եմ բոլորին, որ եղել են կողքիս իրենց մտքերով ու ընկալմամբ, շատ եմ գնահատում դա և հպարտանում եմ։

Յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս ես պայքարել եմ ոչ միայն համազգեստիս վրա գրված ազգանվանս համար, այլև իմ հայրենիքի և ընտանիքի, որոնք մինչև վերջն օրն աջակցել են ինձ իմ ճանապարհին։

Դահլիճում իմ երկրի հիմնը չհնչեց, իմ հարազատների ցավն ամեն ինչ խլացնում է…

Հ.Գ. Չարժե վիրավորել սերբին (Դավոր Շտեֆանեկ), նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում։ Եվ ընդհանրապես, ես և նա հիմա մի ամբողջություն ենք։ Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը, ամեն անգամ իր մոտ գտնվող մեդալին նայելիս, որն իրավամբ ինձ է պատկանում»,-գրել է Միհրանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում