3 փուլ․ Ինչպե՞ս է փոխվել «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությունը

Սա առաջին և միակ տրանսֆերային պատուհանը չէ, երբ «Արսենալը» չի շտապում մտնել շուկայի իրարանցման մեջ:

1997 թվականին Արսեն Վենգերը ներկայացնում էր միանգամից 8 նորեկի: Նրանց թվում էին աստղային Մարկ Օվերմարսն ու աշխարհի ապագա չեմպիոն Էմանուել Պետին: Բայց դա 19 տարի առաջ էր, իսկ այս տարիների ընթացքում Վենգերը տրանսֆերային շուկայում տարատեսակ քաղաքականություն է վարել։

Շոփինգամոլության ժամանակաշրջան (1996-2006թթ․)

Ակումբում իր առաջին տասնամյակում Վենգերը երբեք տեղում չէր կանգնում: Վերոհիշյալ ֆուտբոլիստներին ակումբ հրավիրելով՝ մարզիչը որոշեց կանգ չառնել ու պայմանագրեր առաջարկեց Ֆրեդի Յունբերգին, Նվակվո Կանուին, իսկ հեռանկարում Պատրիկ Կլյույվերտն էր: 

Հաջորդ տարիներին ևս տրանսֆերամանիան շարունակվեց. 1999-ին եկան Թյերի Անրին, Դավոր Շուկերը և Սիլվինիոն: Հետո Էդուն, Ռոբեր Պիրեսը և Սիլվյեն Վիլտորը: 

2001-ին թիմի կազմը համալրեցին Սոլ Քեմբելը, Ջովանի վան Բրոնկհորստը և Ռիչարդ Ռայթը: Ավելի ուշ նրանց միացան Ժիլբերտո Սիլվան, Յենս Լեմանը, Խոսե Անտոնիո Ռեյեսն ու Ռոբին վան Պերսին: Այդ հիանալի ժամանակաշրջանն ավարտին մոտեցավ 2005-06թթ., երբ որոշվեց փոխել մարզադաշտը: Վենգերը գնեց Ալեքսանդր Գլեբին, Թեո Ուոլքոտին և Էմանուել Ադեբայորին:

Չափավորության ժամանակաշրջան (2006-2013թթ․)

«Էմիրեյթս Ստեդիում» տեղափոխությունը նոր գաղափարախոսություն և գումարի նկատմամբ նոր մոտեցում առաջ բերեց: Հարկ եղավ կրճատել ակումբային ծախսերը, ինչի արդյունքում նվազեց ֆուտբոլիստների վրա ծախսվող գումարի չափը:

Երկրպագուներին մնում էր ժպտալ Դենիլսոնի, Նիկլաս Բենդների ու Միկաել Սիլվեստրի տրանսֆերների մասին լուրերը լսելիս, ապա «Google»-ին հարցնել, թե ովքեր են Մարուան Շամախն ու Ամաուրի Բիշոֆը:

Ընտրված քաղաքականությունից շեղումներ էլ եղան․ հատկապես երբ թիմում հայտնվեցին Սամիր Նասրին և Անդրեյ Արշավինը, ովքեր ակումբի համար 40 մլն ֆունտ արժեցան: Թոմաս Վերմալենը ևս քիչ չարժեցավ: 

Վենգերի խնայողությունների պատճառը միայն նոր մարզադաշտը չէր: Փոխնախագահ Դևիդ Դեյնի պաշտոնից հեռացումը խաչ քաշեց տրանսֆերային փիլիսոփայության վրա: Դեյնը միշտ համագործակցում էր Վենգերի հետ, վարպետորեն համոզում էր անգամ ամենակամակոր գործակալներին: Վենգերն ինքն էլ խոստովանել է. «Դևիդն ամբողջ կեղտոտ աշխատանքը կատարում էր իմ փոխարեն»:

Հենց Դեյնն էր անընդհատ պնդում, որ անհրաժեշտ էր գումար ներդնել ու հենց նա էր Վենգերին համարձակ քայլերի դրդում: Նրա բացակայությունը մինչև այսօր զգացվում է․․․

Հույսերի ու հիասթափությունների շրջան (2013-?)

2012-ի ամռանն ինչ-որ բան փոխվեց ու ակումբ եկան Լուկաս Պոդոլսկին, Օլիվյե Ժիրուն, Սանտի Կասորլան: Հետո ամեն տարի թիմում նոր աստղ հայտնվեց․ 2013-ին՝ Մեսութ Օզիլը, 2014-ին՝ Ալեքսիս Սանչեսն ու 2015-ին՝ Պետեր Չեխը:

Սակայն, այս հնչեղ անունները չկարողացան բավարարել երկրպագուների ախորժակը: Նրանց ոչ թե անհանգստացնում էր այն, թե Վենգերն ինչ է անում, այլ այն, թե ինչ չի անում: Ֆրանսիացին գնում էր նրանց, ովքեր հասանելի էին, ոչ թե նրանց, ովքեր իսկապես անհրաժեշտ էին: Այս բոլոր տարիներին «Արսենալը» հզոր հարձակվողի, կենտրոնական կիսապաշտպանի ու, ինչու ոչ, կենտրոնական պաշտպանի կարիք ունի, սակայն ամեն անգամ թիմը թերի կազմավորված է մնում:

Իսկ հիմա՞: Շուտով կիմանանք, Գրանիտ Ջական ձեռքբերումների սկի՞զբն էր, թե՞ վերջը։ Դեռ ամեն ինչ երկրորդին է տանում:

Հիշո՞ւմ եք 2011-ի «աննորմալ ամառը», երբ «Մանչսթեր Յունայթեդին» 2։8 խայտառակ հաշվով պարտվելուց հետո Վենգերը գնեց Պեր Մերտեսակերին, Միկել Արտետային և Անդրե Սանտոսին: Մի՞թե «Արսենալը» պետք է անդունդում հայտնվի, որպեսզի արթնանա ու սկսի գումար ծախսել: 

Գումար վատնելու ժամանակն է

Ժոզե Մոուրինյուի, Պեպ Գվարդիոլայի, Անտոնիո Կոնտեի, Մաուրիսիո Պոչետինոյի, Կլաուդիո Ռանյերիի և Յուրգեն Կլոպի հետ նույն լիգայում պայքարելիս ամոթ չէ պարտվել, բայց ցանկացած թիմ պարտավոր է հաղթանակի հնարավորություն տալ ինքն իրեն:

Երկրպագուների վախը, թե «Արսենալը» չի կարողանա ուժեղ կազմ հավաքել ու ինչ-որ բան նվաճել, արդարացված է: Չի կարելի արդարանալ` ասելով, թե չկան համապատասխան ֆուտբոլիստներ: Պետք է պարզապես քայլել դեպի նպատակակետը: Վենգերի ժամանակը գնալով նվազում է, իսկ նոր վնասվածքները, բնականաբար, ուրախացնում են մրցակիցներին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում