Նադալ․ Ուրախ եմ, որ կրկին մասնակցում եմ մրցաշարերի

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ԱՄՆ-ի Բաց առաջնության մեկնարկից առաջ խոսել է իր մարզավիճակի մասին։ «Մեծ Սաղավարտի» չորրորդ մրցաշարը մեկնարկելու է օգոստոսի 29-ին։

-Վնասվածքի պատճառով շատ խաղային պրակտիկա չեմ ունեցել, ինչի արդյունքում հաջողության հասնելն ավելի բարդ կլինի, բայց միևնույն է՝ անհամբերությամբ եմ սպասում առաջնության մեկնարկին։ Հույս ունեմ դաստակիս վնասվածքն իրեն չի հիշեցնի և կկարողանամ ազատ հարվածներ կատարել։ Պարզապես ուրախ եմ, որ կրկին մրցաշարերի մասնակցելու հնարավորություն եմ ստացել։ Այժմ ինձ մրցունակ եմ զգում և սպասում եմ կորտ դուրս գալուն, խաղը վայելելուն,-Նադալի խոսքը մեջբերել է «El Espanol»-ը։

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարրոսի» երրորդ շրջանում ստացած վնասվածքի պատճառով Նադալը բաց է թողել հաջորդած մրցաշարերը և կորտ է վերադարձել Օլիմպիական խաղերի ժամանակ․ Ռիոյում իսպանացին Մարկ Լոպեսի հետ դարձավ զուգախաղի չեմպիոն, իսկ մենախաղի երրորդ տեղի համար պայքարում պարտվեց Կեի Նիսիկորիին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում