Կարլոս․ Կցանկանայի իմանալ՝ ինչպես է Կրոսը հարվածում գնդակին

«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը, ով այժմ աշխատում է ակումբի ակադեմիայում, անդրադառնալով Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Սելտայի» դեմ տոնած հաղթանակին (2:1)՝ գովաբանել է Լուկաս Վասկեսին, Խամես Ռոդրիգեսին, Ալվարո Մորատային և Թոնի Կրոսին։

-Լուկասն ու Խամեսը հիանալի մտան խաղի մեջ։ Ուրախ եմ նրանց համար։ Հատկապես Լուկասի ինքնավստահությունը շատ է տպավորում։ Նա խաղադաշտում անում է այն, ինչ մարզիչը պահանջում է։ Լուկասն անհավանական հանգստությամբ կարողանում է մրցակիցներից գնդակ խլել և օգնել թիմակիցներին։ Նա արտահայտում է մադրիդիզմի գաղափարը։

Մորատան մեծ պրոֆեսիոնալ է և հիանալի խաղացող։ Նա կարողանում է թիմին օգնել ինչպես հարձակման ժամանակ, այնպես էլ պաշտպանությունում։

Թոնի Կրոսն անհավանական գոլ խփեց։ Պետք է պարզապես կարողանալ նման գոլեր խփել։ Ես կցանկանայի իմանալ, թե ինչպես է նա հարվածում գնդակին, որ այն այդպիսի հետագծով է շարժվում։ Դարպասապահների համար շատ դժվար է նման հարվածներ հետ մղել,-ասել է Կարլոսն ակումբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում