Միհրան Հարությունյանը և Սիմոն Մարտիրոսյանն այցելել են Մայր Աթոռ

Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին։ Մարզիկներին ուղեկցել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանն և Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադլյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ Օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով: Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով Օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն է հայտնել, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար: 

Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն են հայտնել ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում