Ժոզե Մոուրինյու․ Ամենամեծ հիմարությունն այն է, որ ցանկանում եմ ամեն խաղում հաղթել

Յուրահատուկը պատմում է Անգլիայի Պրեմիեր լիգայի նկատմամբ ունեցած մեծ սիրո և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապված ծրագրերի մասին: Ներկայացնում ենք Ժոզե Մոուրինյուի՝ «Sport Magazine» պարբերականին տված հարցազրույցը։

***

«Չելսիի» գլխավոր մարզչի աթոռից հեռանալուց 126 օր հետո Ժոզե Մոուրինյուն նշանակվեց անգլիական մեկ այլ թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում: Ժամանակն է փոխելու նաև հագուստի գույները. կապույտն իր տեղը զիջեց կարմիրին:

«Ես սիրում եմ յուրաքանչյուր խաղի անկանխատեսելիությունը։ Շատ երկրներում այդպես չի լինում, եթե աշխատում ես մեծ ակումբների հետ: Գրանդ ակումբներն անընդհատ ծամում են ու խլում մյուսների կերակուրը: Այդպիսի երկրներում մեծ ակումբները ցանկանում են վստահ լինել, որ չեմպիոն են դառնալու, խաղալու են Չեմպիոնների լիգայում: Անգլիայում ամեն ինչ այլ է․ դու ցանկանում ես կիսվել, ցանկանում ես, որ յուրաքանչյուր թիմ վտանգավոր լինի: Հիանալի է, երբ տրանսֆերային գործարքների ժամանակ կարող են թե՛ համաձայնել, թե՛ մերժել: Ցանկանում ես, որ յուրաքանչյուր թիմ ավելիին ձգտի: Դա քո առաջնությունն է: Ես կարող եմ այլ առաջնություն տեղափոխվել: Այդպես արդեն արել եմ՝ Իտալիայում և Իսպանիայում եմ եղել, բայց Պրեմիեր լիգան յուրահատուկ է»,-խոտովանում է 53-ամյա մասնագետը։

Եթե ցանկանում եք կատարյալ ձախողման մատնել ձեր թիմին, ապա որևէ մարտավարություն մի մշակեք: Անցյալ մրցաշրջանը պորտուգալացու սաները 20 տարվա վատագույն արդյունքով ավարտեցին և ԱՊԼ-ի պատմության մեջ գործող չեմպիոնների վատագույն արդյունքը գրանցեցին: Չի կարելի մոռանալ, թե որքան բարդ է պաշտպանել ԱՊԼ-ի չեմպիոնի տիտղոսը, երբ բոլոր թիմերը պայքարում են բարձր հորիզոնականներում հայտնվելու համար: Այդ ամենի արդյունքում Մոուրինյուի ճերմակ մազերն ավելացել են, բայց միտքը սուր է, ինչպես երբևէ:

Պորտուգալական հպարտություն

Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականի նվիրված երկրպագու է ու դեռ վայելում է Եվրոպայի առաջնությունում հաղթանակի բերկրանքը:

«Դա այնքան հիանալի էր: Instagram-ում ինձ հետևողների համար գաղտնիք չէ, որ խաղը գիշերանոցով եմ դիտել: Մենք սպասում ու սպասում էինք, բայց հաղթանակը չէր գալիս: 1966-ին մոտեցանք ոսկուն (այդ ժամանակ Պորտուգալիան Մունդիալի կիսաեզրափակչում զիջեց Անգլիային-խմբ․), ու դա միակ անգամը չէր, բայց հաջողությունը մեզ չէր ժպտում։ Եվ վերջապես դա տեղի ունեցավ: Ամեն ինչ մեզ համար իդեալական ժամանակ տեղի ունեցավ։ Մենք սիրում ենք այս մարզաձևն ու երկրպագում ենք, բայց սոցիալական ու տնտեսական մեծ խնդիրներ ունենք»:

Մենք Մոուրինյուի ու հավաքականի մասին հաճախ չենք խոսում: Պարզապես սովոր ենք նրան ընդունել որպես ֆուտբոլային հսկայի, բայց երբ Ժոզեն խոսում է Պորտուգալիայի մասին, հասկանում ենք, որ այդ դերը ևս նրա սրտով է:

«Ինձ թվում է, որ ամբողջ աշխարհը չգիտի ինչ մտածել Պորտուգալիայի մասին: Մեզ մոտ ընդամենը 10 մլն մարդ է ապրում, բայց մենք աշխարհին տարբեր տարիների լավագույն ֆուտբոլիստներին ենք նվիրել` Էյսեբիոյին, Լուիշ Ֆիգուին ու Կրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև լավագույն մարզչին` Մոուրինյուին: «Բենֆիկան» նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, «Պորտուն» ևս արել է դա, իսկ Պորտուգալիան դարձել է Եվրոպայի չեմպիոն: Դա աննորմալ է: Քարտեզի վրա մենք հողի փոքր կտոր ենք, բայց ֆուտբոլի հանդեպ ունեցած մեր կիրքն անսահման է»:

Անգլիան մտքում

Մոուրինյուն ծնվել է 1963-ին՝ «Բենֆիկայի» եվրոպական երկրորդ հաղթանակից մեկ ու Պորտուգալիայի հավաքականի պատմական կիսաեզրափակչից երեք տարի անց: Նա դեռ մանկության տարիներից հետաքրքրված էր Անգլիայով:

«Հիշում եմ՝ անհամբերությամբ էի սպասում սև ու սպիտակ հեռուստացույցով Անգլիայի գավաթի եզրափակիչը դիտելուն։ Երբ փոքր էի, մեր հեռուստացույցով միջազգային խաղերից միայն Չեմպիոնների լիգայի հանդիպումներն էին ցուցադրում, ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, Գավաթների գավաթի եզրափակիչը և Անգլիայի գավաթի եզրափակիչը: «Ուեմբլիի» եզրափակիչները և փոքր թիմերի հաջողություններն ինչ-որ յուրահատուկ բան էին: Հիշում եմ, թե ինչպես հորս ու ընկերներիս հետ անհամբերությամբ սպասում էինք այդ իրադարձությանը»,-ժպիտով պատմում է Մոուրինյուն։

Ժոզեն առանձնակի ուշադրությամբ է հետևել համեմատաբար թույլ թիմերի անսպասելի հաջողություններին։

«Մանկության տարիներին ամեն ինչ փուլերի էր բաժանված: Որոշներն անհնար է մոռանալ: Օրինակ՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» փուլը: Ես գիտեի նրանց բոլոր ֆուտբոլիստների անունները, ունեի նրանց լուսանկարները: Սովորում ես սերնդափոխված ու գերիշխող թիմերին՝ «Ռեալ», հետո «Այաքս», ապա «Ֆորեսթ»․․․ Նրանք հետք են թողել իմ սերնդի վրա»:

Եթե Մոուրինյուն դեռահասության տարիներին երկրպագել է անգլիացի լեգենդար մարզիչ Բրայան Կլաֆի «Ֆորեսթին», ապա 30-ամյա Մոուրինյուն մեկ այլ մասնագետի էր սիրահարված:

«Սըր Բոբի Ռոբսոնին հիշելիս առաջին բանը, որ գալիս է մտքիդ այն է, թե նա որքան հպարտ անգլիացի էր։ Նա անընդհատ որպես ֆուտբոլային երկիր՝ Անգլիայի մասին էր պատմում: Նա հրաշք էր գործել «Իպսվիչի» հետ ու հպարտանում էր հավաքականի հետ տարած իր աշխատանքով: Նա սիրում էր իր երկիրը: Անգամ «Բարսելոնայում» նա մտածում էր, թե ինչպես «Նյուքասլ» վերադառնա: Նա սիրում էր կյանքը, ընտանիքին ու անգլիական ֆուտբոլը: Հիասքանչ մարդ էր»,-Մոուրինյուն պատմում է այն մարդու մասին, ում հետ աշխատել է «Սպորտինգում», «Պորտուում» և «Բարսելոնայում»:

Ժոզեն նոստալգիկ ժպտում է… Զգացվում է՝ նրա համար այդ շրջանը շատ մեծ նշանակություն ունի։

Ուրիշ աշխարհ

Մոուրինյուն միշտ նախընտրել է ընկերներին մոտ պահել, բայց թշնամիներին ավելի մոտ պահելու գաղափարը ևս նրա մասին է: Մենք չենք կարող չխոսել 2004թ. Ալեքս Ֆերգյուսոնի դեմ խելահեղ հակամատության մասին, երբ «Պորտուն» «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների լիգայից դուրս թողեց 90-րդ րոպեին Կոշտինյայի խփած գնդակի շնորհիվ։

«Մեր հարաբերությունները լավագույն ձևով չսկսվեցին։ «Պորտուի» դեմ առաջին խաղում Ֆերգյուսոնին անհանգստացրին արդյունքը («Պորտուն» հաղթեց 2:1 հաշվով-խմբ․) և Ռոյ Քինի կարմիր քարտը: Հասկանում եմ նրա դժգոհությունը, չէ՞ որ ինքս էլ մարզիչ եմ: Երկրորդ խաղակեսի ավարտին մեր մշակույթի համար տարօրինակ բան տեղի ունեցավ: Մենք հանդերձարանում այնպես էինք տոնում, ասես եզրափակչում ենք հաղթել: Դուռն այդ պահին թակեցին, հայտնվեցին մարզիչը և հրամանատարը՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու Գարի Նևիլը: Նրանք ասացին. «Հիանալի խաղ էր, դուք արժանի եք հաղթանակին, հաջողություն ապագայում։ Ցտեսություն»: Պորտուգալիայում դա արտասովոր բան է: Մենք ապշած իրար էինք նայում։ Մենք հասկացանք, որ նրանք բոլորովին այլ աշխարհից են»,-ժպիտով հիշում է Մոուրինյուն։

Մոուրինյուն ևս այլ աշխարհից է: Մեկն այն սուպերմարզիչներից, ում միայն անունով են ճանաչում՝ Ժոզե, Պեպ, Ֆաբիո: Նրա անունն ապրանքանիշ է, բայց նրան գնելն այնքան էլ հեշտ չէ: 

Առաջին խաղն «Օլդ Թրաֆֆորդում» 

Հարցազրույցի ժամանակ չշրջանցեցինք «Օլդ Թրաֆֆորդի» առաջին հանդիպումը։

«Չեմ սիրում ընկերական հանդիպումներ: Սիրում եմ հաղթել այդ խաղերում, բայց դրանց նպատակն այլ է. ամեն ինչ փորձարկել, յուրաքանչյուր ֆուտբոլիստի տեղը որոշել, հետո ասել, որ արդյունքն անկարևոր է: Ավելի շատ այլ հարցեր են հետաքրքրում՝ վնասվածքները, հոգնածությունը: Ես դա չեմ սիրում: Ես իսկական հակամարտություն եմ սիրում: «Օլդ Թրաֆֆորդի» ուժը շատ անգամներ անդրադարձել է ինձ վրա ու ցանկանում եմ դա օգտագործել, բայց այս անգամ իմ թիմին օգնելու համար: Երկրպագուները կարող են օգնել մեզ, ու ես շատ եմ սպասում դրան»:

Պորտուգալացու մեկնարկը հաջող ստացվեց: Առաջին խաղերում թիմը հաղթանակի հասավ, իսկ նորեկները լավագույնս դրսևորեցին իրենց: Այսպիսի «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում խնդիրներ չէր ունենա․․․ Արդյո՞ք մասնագետն էլ է այդպես կարծում:

«Ես մի փոքր հիմար եմ, հնարավոր է նաև կպչուն՝ նպատակների կողմնորոշման հարցում: Ամենամեծ հիմարությունն այն է, որ ցանկանում եմ ամեն խաղում հաղթել: Ցանկանում եմ անգամ մարզման ժամանակ հաղթել, բայց դա անհնար է: Անհնար է: Ֆուտբոլիստների հետ օգտակար է կողմնորոշվել նպատակների հարցում: Մենք գիտենք, որ ամեն ինչ ու ամենուր չենք կարող հաղթել, բայց եկեք մեր առաջ այդպիսի նպատակ դնենք ու տեսնենք, թե մրցաշրջանի վերջում ամեն ինչ ինչպես կդասավորվի:

Պետք է առաջ գնալ: Պետք է փոխվել, վերափոխվել ու դառնալ հատուկ որակներ, սկզբունքներ ունեցող թիմ: Դրա համար ժամանակ է հարկավոր։ Հույս ունեմ՝ ոչ երկար: Մրցակիցները չեն քնում, բայց թիմին անհրաժեշտ դրական մակարդակի բերելու համար մի քանի ամիս է հարկավոր: Այդպես, հնարավոր է, բաց թողնել առաջին մրցաշրջանը, բայց մենք չենք կարող ձեռնունայն մնալ ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Պետք է տիտղոսներ նվաճել»:

Յուրահատուկի մոտ ամեն ինչ դեռևս ստացվում է: Եթե «Չելսիում» աշխատանքային վերջին շրջանում հյուծված էր, հիմա հանգստացած և ուժերով լի տեսք ունի:

«Ես որպես ուժեղ ֆուտբոլիստ եմ ծնվել ու մեծացել եմ որպես ուժեղ մարզիչ: Ֆուտբոլն ապրել է մեր տանը, այն իմ արյան մեջ է, այն իմ աշխարհայացքի կենտրոնում էր, երբ մեծանում էի: Ես այն քչերից եմ, ում աշխատանքն ու կյանքում ունեցած հետաքրքրությունը միևնույն բանն են»:

Թարգմանությունը՝ Sport Times.am-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում