Կարել Յարոլիմ․ Կարևոր է, որ ֆուտբոլիստները Հայաստանի հետ խաղին լրջությամբ են վերաբերվում

Չեխիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը Հայաստանի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

-Այս խաղից կոնկրետ ակնկալիքներ ունեմ։ Անձամբ ինձ համար շատ հետաքրքիր է, որ հանդիպումը կայանալու է Մլադա Բոլեսլավում, որտեղ որոշակի ժամանակ աշխատել եմ։ Այս խաղում առանցքային նշանակություն ունի հոգեբանական պատրաստվածությունը, որպեսզի կարողանանք հաջող մեկնարկել Աշխարհի առաջնության ընտրական փուլում։

Տեխնիկական և մարտավարական բնույթի մարզումներ ենք անցկացրել։ Լավ է, որ ընտրական փուլի մեկնարկից առաջ գոնե մեկ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորություն ունենք։ Դա մեզ կօգնի Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղից առաջ ճիշտ եզրահանգումներ կատարել։

Շատ ֆուտբոլիստներ ինձ առաջին անգամ էին տեսնում։ Անհատական զրույցներ եմ ունեցել։ Այժմ յուրաքանչյուրը գիտի, թե իրենից ինչ եմ սպասում և ամեն ինչ կանի ունակությունները հնարավորինս ցույց տալու, տպավորություն գործելու համար։ Ինձ համար կարևոր է, որ ֆուտբոլիստները Հայաստանի հետ խաղին լրջությամբ են վերաբերվում, և դա նկատելի է։ 

Ավելի կարևոր է ոչ թե հանդիպման արդյունքը, այլ բուն խաղային ընթացքը, բայց, իհարկե, մենք ցանկանում ենք լավ խաղ ցուցադրել և հաղթել,-նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Յարոլիմը։

Հավելենք, որ Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 21:15-ին, Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում