ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

ՖԻԴԵ-ն (Շախմատի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է սեպտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակները:

Դասական շախմատի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով ունի 2857 վարկանիշային միավոր: Երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է (2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ․ նրանք ընթանում են երրորդ և չորրորդ հորիզոնականներում: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է անհատական վարկանիշը՝ այն այժմ կազմում է 2795 կետ, սակայն Արոնյանը շարունակում է զբաղեցնել հինգերորդ տեղը։

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Սերգեյ Մովսիսյանը (2677, 59-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (2675, 62-րդ հորիզոնական), Հրանտ Մելքումյանը (2671, 70-րդ հորիզոնական) և Գաբրիել Սարգսյանը (2670, 75-րդ հորիզոնական)։

Կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 36-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)` 39-րդը:

Մինչև 20 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2530) 37-րդն է, Տիգրան Հարությունյանը (2480)` 71-րդը, Հայկ Մարտիրոսյանը (2470)՝ 87-րդը:

Թիմային հաշվարկում Հայաստանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքերը և այժմ 6-րդ հորիզոնականում է։

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2894), իսկ Լևոն Արոնյանը (2770) 12-րդ հորիզոնականում է: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը (2875): Մագնուս Կարլսենը (2873) երկրորդն է, Հիկարու Նակամուրան (2842) եզրափակում է լավագույն եռյակը, իսկ Լևոն Արոնյանը (2826) հինգերորդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում