Ներքին խոհանոց | Ինչպե՞ս են ձեռք բերում նոր ֆուտբոլիստների

Նիլ Մակգինեսը շատ հայտնի սկաուտ է, աշխատում է «Սելթիկի» ու մի քանի այլ ակումբների հետ: Որպես փորձառու սկաուտ՝ նա «Bleacher Report»-ի համար նկարագրել իր աշխատանքային ծրագիրը: Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Քայլ 1-ին․ Նպատակի սահմանում

Սկզբում պետք է հասկանալ, թե ով է անհրաժեշտ: Այս փուլում բոլոր իրենց կարծիքներն են արտահայտում՝ առաջին թիմի մարզիչներից մինչև սկաուտներ և գլխավոր մարզիչ։ Որպես կանոն՝ գլխավոր մարզիչը սկաուտներին հասկացնում է, թե ինչ է իրեն հարկավոր: Նա բացատրում է՝ ո՞ր դիրքի համար է խաղացող փնտրում, նորեկն ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի: Օրինակ՝ թիմը կարող է բարձրահասակ ֆուտբոլիստի կարիք ունենալ, ով կօգնի ստանդարտների ժամանակ: Այդ դեպքում սկաուտներին պաշտպան գտնելու հանձնարարություն է տրվում: Նշվում են ամեն ինչ՝ նվազագույն հասակը, օդում խաղալու կարողությունը, արագությունը․․․ Պահանջները միշտ տարբեր են:

Մարզիչն իր պատկերացումներն ունի, թե ինչպես պետք է թիմը խաղա, ու սկաուտը պետք է գտնի հենց նրան, ով ներդաշնակություն կմտցնի թիմում:

Քայլ 2-րդ․ Որոնումներ

Սա սկաուտի հիմնական աշխատանքն է: Պետք է մարզչի պահանջներին համապատասխան ֆուտբոլիստ գտնել: Նրանց տարբեր եղանակներով կարելի է գտնել: Երբեմն «Wyscout» կամ «InStat» վիդեոհարթակների նման գործիքներն են օգնության գալիս: Երբեմն ֆուտբոլիստների գործակալները DVD կամ տեսագրություն են ուղարկում: Երբեմն գործակալներն են որևէ հարմար թեկնածու առաջարկում: Լավագույն գործակալները միշտ այնպիսի ֆուտբոլիստների են մատնանշում, ովքեր համապատասխանում են բոլոր պահանջներին: Պատահում է նաև՝ նախկին թիմակիցները կամ մրցակիցներն են խորհուրդ տալիս:

Նախընտրում եմ ինքս գտնել ֆուտբոլիստներին: Գործակալների գլխում միշտ ավելորդ շահույթն է, իսկ հատուկ ծրագրերը միշտ չէ, որ ամբողջ պատկերն են ցուցադրում: Այդպես ֆուտբոլիստին չես զգում. դրա համար նրան պետք է իրականում տեսնել: Միայն տրիբունայից հետևելով՝ կարելի է տեսնել, թե նա ինչպես է խաղում, ինչպես է իրեն դրսևորում, ինչպես է արձագանքում արտաքին գործոններին: Այդպես տեսանելի է, թե ֆուտբոլիստը երբ է հոգնում ու որքան դիմացկուն է: Միայն տեսագրությամբ ֆուտբոլիստին ձեռք բերելը մեծ ռիսկ է ու ծուլության նշան է: Խաղասեղանին միլիոններ են դրված ու հեշտ ուղիներ փնտրելը վտանգավոր է:

Քայլ 3-րդ․ Նախապատրաստություն

Իդեալական տարբերակում այդ քայլն իր վրա է վերցնում ակումբի ադմինիստրացիան, բայց սկաուտը չի կարող ամեն ինչ մյուսների ուսերին թողնել, հակառակ դեպքում ինչ-որ բան հաստատ սխալ կգնա: Լավագույն տարբերակը հենց այն հյուրանոցում իջևանելն է, որտեղ տվյալ ֆուտբոլիստն է: Շատերը մոռանում են, որ դաշտից դուրս ֆուտբոլիստի պահվածքը ևս կարևոր է: Պետք է իմանալ, թե ինչ մարդ է նա, որպեսզի հասկանալի լինի՝ նա հարմա՞ր է ակումբին: Պատահել է, որ հետևել եմ մեկին, ով չի էլ կասկածել, որ դիտակետում է: Հետևել եմ, թե ինչպես է դրսևորում իրեն երկրպագուների հետ ու ինչ հարաբերությունների մեջ է թիմակիցների հետ: Ամեն ինչ կարևոր է: Կարևոր է ցանկացած մանրուք հաշվի առնել։ Հաճախ լսում եմ սկաուտների մասին, ովքեր խաղը բաց են թողել հյուրանոցի՝ մարզադաշտից շատ հեռու գտնվելու պատճառով:

Քայլ 4-րդ. Հետևելու փուլ

Փորձում եմ որքան հնարավոր է շուտ մարզադաշտում լինել, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է նախավարժանքի ժամանակ իրեն դրսևորում ֆուտբոլիստը․ ջանասիրաբա՞ր է մարզվում, թե՞ հիմարություն է անում: Այդ ամենը թույլ է տալիս հասկանալ, թե մարդը որքան պրոֆեսիոնալ է:

Երբ սկսվում է խաղը, հանում եմ նոթատետրս: Հաճախ սկաուտները հարևանությամբ են նստում, ու ես փորձում եմ  ցույց չտալ, թե ում եմ հետևում: Մարզադաշտ եմ գալիս հստակ գիտակցելով, թե ինչ է ինձ անհրաժեշտ: Հետևում եմ, թե որքանով է ֆուտբոլիստը համապատասխան մարզչի պահանջներին,  ինչպես է խաղում ինձ անհրաժեշտ դիրքում: Ի՞նչ մարտավարություն ունի, զգո՞ն է, թե՞ մի կողմ է քաշված: Ինձ համար կարևոր է տեսնել, թե ֆուտբոլիստն ինչպիսին է գնդակով ու առանց դրա: Լա՞վ է արդյոք պահում գնդակը, ինչպիսի՞ն է առաջին հպումը, ինչպե՞ս է տեսնում դաշտն ու ինչպե՞ս է շարժվում:

Ցանկացած մանրուք կարևոր է, և տարբեր ֆուտբոլիստների դեպքում ես տարբեր հատկանիշներ եմ ուսումնասիրում: Օրինակ՝ հարձակվողի մոտ փնտրում եմ գրոհներն ավարտելու հատկութունը, յուրահատուկ պահեր ստեղծելու կարողությունը: Կան այնպիսիք, ովքեր իդեալական փոխանցման են սպասում, և այնպիսիք ովքեր ամեն ինչ իրենք են անում: Ես գրառում եմ բոլոր ուժեղ կողմերը, որ ունի ֆուտբոլիստը: Մի անգամ հարձակվողի հանդիպեցի, ով ամեն ինչում էր լավը՝ շարժումները, պաշտպանների վրա ազդելու կարողությունը, խաղը կարդալու ընդունակությունը, նա հիասքանչ էր: Նա հիմա Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է: Վստահ եմ, որ նա ավելիին է ընդունակ:

Քայլ 5-րդ. Հաշվետվություն և քննարկում

Հենց հյուրանոց եմ վերադառնում, սկսում եմ աշխատել հաշվետվության վրա: Հանգստանալու ժամանակ չկա. պետք է հասցնես գրառել բոլոր դիտարկումներդ և գնալ հաջորդ խաղին: Հաշվետվության մեջ գրում եմ այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել մարզչին՝ ի՞նչ մարտավարություն ունի, ինչպիսի՞ն է տեխնիկապես ու ֆիզիկապես, ինչպե՞ս է ընկալում խաղը, որոնք են նրա թույլ և ուժեղ կողմերը, գրում եմ նաև հոգեբանական պատրաստվածության մասին։ Վերջում թողնում եմ գնահատականս և եզրակացությունս:

Հաշվետվությունը պատրաստելուց հետո այն գործի եմ դնում: Շատ ակումբներ ու հավաքականներ հատուկ ծրագրեր ունեն, որոնց միջոցով այդ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել բոլոր նրանց, ում կարող է հետաքրքրել՝ մենեջերին, մարզչին, մյուս սկաուտներին ու խորհրդի անդամներին:

Քայլ 6-րդ. Հետագա ուսումնասիրություն

Եթե ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստով, սկաուտը ևս մեկ անգամ գնում է հետևելու նրան: Երբեմն մեկ ուրիշ սկաուտ է դա անում, որպեսզի հավելյալ գնահատական տա: Կատարյալ տարբերակ է, եթե ֆուտբոլիստին հետևում ես ակումբում և հավաքականում, տանն ու արտագնա խաղի ժամանակ: Ֆուտբոլիստները տարբեր գործոններին տարբեր կերպ են արձագանքում՝ եղանակին, քաղաքին, մրցակցի խաղոճին և այլն: Այդ ամենն ազդում է խաղի որակին:

Մի քանի ամիս անց, եթե ֆուտբոլիստը շարունակում է հետաքրքրել մարզչին, օգնականը կամ հենց ինքը՝ մարզիչը մեկնում են տեսնելու նրան: Այդտեղ վերջնականապես որոշվում է՝ ակումբը փորձելո՞ւ է գնել տվյալ խաղացողին։ Որոշ մարզիչներ մի քանի անգամ հետևում են խաղացողին, բայց գործընթացը երբեք չի փոխվում: Եթե մարզիչն արդեն որոշում է կայացրել, այն այլևս չի քննարկվում․ կա՛մ սկսում ենք բանակցել, կա՛մ հավերժ մոռանում ենք նրան: 

Քայլ 7-րդ. Առաջարկություն և գործարքի կնքում

Այժմ հերթը գումարինն է ու ակումբինը: Սովորաբար գործադիր տնօրենն է ղեկավարում գործընթացն ու լուծում ֆինանսական հարցը: Եթե ակումբը, որին պատկանում են տվյալ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, ցանկանում է ազատվել խաղացողից, ապա գործընթացն առանց բարդության է ընթանում: Իսկ եթե ակումբը մտադիր է գումար աշխատել կամ չի շտապում վաճառել ֆուտբոլիստին, ապա գործընթացը բարդանում է: Եթե ակումբները համաձայնության են գալիս, ապա բանակցություններին ֆուտբոլիստն ու գործակալն էլ են մասնակցում, և իրենք են որոշում պայմանագրի ժամկետն ու աշխատավարձի չափը: Հենց այդ ժամանակ է գործակալն իր շահույթը ստանում ու հենց նրա պատճառով է, որ հիմա շատ գործարքները միայն վերջին պահին են կնքվում: 

Դե իսկ վերջում ֆուտբոլիստը հրաժեշտ է տալիս թիմակիցներին, հավաքում է իրերն ու տեղափոխվում նոր թիմ:

Նիլ Մակգինես / թարգմանությունը՝ Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում