Հրաչյա Պողոսյան․ Ավելի լավ է բրոնզե մեդալով, քան անարդյունք վերադառնալ

Հրաչյա Պողոսյան․ Ավելի լավ է բրոնզե մեդալով, քան անարդյունք վերադառնալ

Սեպտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որի առաջին հատվածում հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 3 բրոնզե մեդալ նվաճեց․ մեդալակիրներ դարձան 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 85 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը։

Բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանն անցկացրել է 5 գոտերմարտ՝ առաջին երկուսում մաքուր՝ 8:0 հաշվով հաղթանակ տանելով ադրբեջանցի Ջավիդ Միարալաևի և ուկրաինացի Վասիլ Պանասյուկի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը եղել է Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ֆաթին, ում հայ ըմբիշը լարված գոտեմարտում զիջել է 1։2 հաշվով։

«Յուսեֆի հետ նախկնում հանդիպել էինք Վրաստանում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ, և ես հաղթել էի 9։1 հաշվով։ Չեմ կարող ասել՝ այս անգամ ինչը եղավ պարտությանս պատճառը։ Ես նույն կերպ էի տրամադրվել գոտեմարտին, գուցե նա էր հասցրել ավելի լավ ուսումնասիրել ինձ»,-Sport Times.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյան։

Իրանցի ըմբիշը հասել է եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Հրաչյա Պողոսյանին պայքարելու բրնոզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում մեր ըմբիշը ժամանակից շուտ 8։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել պորտուգալացի Դանիել Ժոաո Օլիվեյրայի նկատմամբ։

Բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանը պայքարել է ճապոնացի Ռյոմա Անրակուի հետ և հաղթել է 5։3 հաշվով։ Հրաչյան ընդգծում է, որ ամենաբարդ գոտեմարտն անցկացրել է հենց ճապոնացու հետ․ 

«Նա շատ արագաշարժ էր։ Ես այդքան էլ լավ ծանոթ չէի նրան ու չէի կարող իմանալ՝ ինչ հնարքներ կկիրառի»։

Ամփոփելով իր ելույթները՝ Հրաչյա Պողոսյանն ասաց, որ արդյունքից գոհ է, սակայն կարող էր նաև չեմպիոն դառնալ․

«Գոհ եմ իմ ցույց տված արդյունքից․ ավելի լավ է բրոնզե մեդալով, քան անարդյունք վերադառնալ, բայց առաջնությունում հաղթելու իրական հնարավորություն ունեի․․․»։

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում