«Դա նման է փողոցում գեղեցիկ աղջկա հանդիպելուն» | Ինչպե՞ս են աշխատում սկաուտները

«Դա նման է փողոցում գեղեցիկ աղջկա հանդիպելուն» | Ինչպե՞ս են աշխատում սկաուտները

Նրա անվանակիցն ու ազգանվանակիցը «Լիվերպուլի» ավագն էր, ով 1994-ին թիմին դուրս բերեց ԱՊԼ, իսկ եղբայրը՝ Մակկին խաղում էր «Պորտուի» կազմում ՈւԵՖԱ-ի գավաթի 1984 թվականի եզրափակչում, իսկ ինքը «Մորկեմբ», «Չորլի» և «Լեյլանդ Մոթորս» սիրողական թիմերի կազմում էր հանդես գալիս ու դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր: Նրա անունը Սթիվ Ուոլշ է:

Նրա շնորհիվ «Լեսթերը» Վարդի-Մարեզ զույգի համար ընդամենը 375.000 ֆունտ ծախսեց:

80-ականներին Ուոլշը «Չեսթերին» և «Բերիին» օգնում էր մրցակիցներին ու ֆուտբոլիստներին ուսումնասիրելու հարցում, իսկ 1990-ին Գվին Ուիլյամսը՝ «Չելսիի» գլխավոր սկաուտն ու երկրորդ մարզիչը, Սթիվին իր շտաբ հրավիրեց: Մինչ հինգշաբթի Ուոլշն աշխատում էր հարազատ Չորլի դպրոցում, ապա ուսումնասիրում «Չելսիին» հետաքրքրող թիմերին ու ֆուտբոլիստներին, կիրակի երեկոյան վերադառնում էր տուն ու առավոտյան նորից դպրոց էր գնում:

90-ականների երկրորդ կեսին Ուոլշը սկաուտական զեկույց պատրաստեց Ջանֆրանկո Ձոլայի ու Տուրե-Անդրե Ֆլուի մասին, ովքեր հետագայում հարյուրավոր գնդակներ խփեցին «Չելսիի» կազմում։ 2004-ին՝ Մոուրինյուի տեղափոխության ժամանակ, հրաժարվելով դպրոցի աշխատանքից՝ Ուոլշը նվիրվեց «Չելսիին», որտեղ Անդրե Վիլաշ-Բոաշին օգնեց Դիդյե Դրոգբայի ու Մայքլ Էսյենի պես նորեկների հարցում:

Երկու տարի անց Սեմ Էլարդայսը որպես գլխավոր սկաուտ Ուոլշին հրավիրեց «Նյուքասլ»: Էլարդայսին շուտով փոխարինման եկավ Նայջել Պիրսոնը, ում հետ Ուոլշը նախ տեղափոխվեց «Լեսթեր», ապա «Հալլ» ու նորից «Լեսթեր»: «Լեսթերի» այժմյան կազմն ընտրելիս Ուոլշը նախապատվությունը տալիս էր այն ֆուտբոլիստներին, ովքեր աճում էին, բայց թոփ-ակումբներում հաստատվել չէին կարողանում (Դրինկոուտեր, Սիմփսոն, Հուտ) կամ էլ մերժվել էին ավելի հասարակ ակումբների կողմից (Օլբրայթոն, Վարդի): Նա ընտրություն կատարեց նաև Ֆրանսիայի ոչ հարուստ ակումբների աստղերի շրջանում: Դեռևս «Չելսիում» աշխատելու տարիներից նա Ֆրանսիայում խորհրդատուներ ուներ:

2012-ին Ուոլշի ֆրանսիացի ընկերները խորհուրդ տվեցին ուսումնասիրել «Գավրի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռայան Մենդեսին: Ինչպես միշտ Ուոլշը նախ տեսանյութ դիտեց, ապա անձամբ գնաց տեսնելու ֆուտբոլիստին: «Ստադ Օսեանում» նրան ոչ թե Մենդեսը, այլ ավելի երիտասարդ ալժիրցի Ռիյադ Մարեզը դուր եկավ: Ֆրանսիական երկրորդ լիգայում Ուոլշը նկատեց նաև Ն՛Գոլո Կանտեին և «Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռանյերիին կարողացավ համոզել, որ «Կանի» 24-ամյա կիսապաշտպանը Էստեբան Կամբյասոյին փոխարինողն է: 

Այս ամռանից Ուոլշն աշխատում է «Էվերթոնում», որպես ֆուտբոլային տնօրեն:

Ֆուտբոլիստներին ուսումնասիրելիս Ուոլշն առաջնահերթ ուշադրություն է դարձնում արագությանը, անցումներին, որոշումներ ընդունելու արագությանը, փոխանցումների ժամանակ ֆուտբոլիստը բարձրացնո՞ւմ է գլուխը, չի՞ շփոթվում ճնշման ժամանակ, ի՞նչ իրավիճակում է դրիբլինգն օգտագործում, ինչպե՞ս է արձագանքում սթրեսային իրավիճակներին, ուժեղ կողմերը պահպանո՞ւմ է փլեյ-օֆֆի խաղերի կամ հաշվի մեջ մեծ առավելության ժամանակ, թե՞ նյարդերը տեղի են տալիս:

Տեսանյութեր դիտելու ժամանակ Ուոլշը միշտ առաջնության առաջատարների հետ խաղերն ու դերբիներն է ուսումնասիրում: Եթե բարձրակարգ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը նրան դուր է գալիս, ապա մի քանի անգամ տրիբունայից հետևում է նրան, դիտում տարբեր մակարդակի մրցակիցների դեմ խաղերը, որպեսզի կարողանա գնահատել ֆուտբոլիստի կայունությունը:

***

Լևերկուզենի «Բայերի» սկաուտ Սլավոմիր Չարնիցկին «FourFourTwo»-ի հետ զրույցում խոսել է իր չափանիշներից.

«Դարպասապահի համար կարևոր են հասակը, ճկունությունը, թռիչքները, համարձակությունը, սառնասրտությունը: Եզրային պաշտպանի համար կարևոր են դիմացկունությունը, դիրքի ընտրությունը, արագությունը, դրիբլինգը, գնդակին տիրելու կարողությունը, տուգանային հրապարակ ճիշտ փոխանցումներ կատարելու ընդունակությունը, պաշտպանի համար՝ ընտրությունը, փոխանցումը, արագությունը, ֆիզիկական տվյալները, դաշտը տեսնելու ունակությունը, փոխանցումների ժամանակ խաղալը: Հարձակողական ոճի կիսապաշտպանի համար առաջնային են սրամտությունը, գնդակի վերահսկողությունը, դրիբլինգը, գնդակը խլելու և հարձակումն ավարտելու կարողությունը, կիսապաշտպանի համար՝ արագությունը, գոլային հոտառությունը, դրիբլինգը, տուգանային հրապարակում ճշգրիտ փոխանցում կատարելու կարողությունը, իսկ հարձակվողի համար՝ արագությունը, թռիչքը, գրոհների եզրափակումն ու դրիբլինգը»:

***

«Արսենալի» գլխավոր սկաուտ Սթիվ Ռոուլին (11-ամյա Թոնի Ադամսին առաջին անգամ հայտնաբերողը) «Arsenal Magazine»-ի հետ զրույցում պատմել է. «Բացի ֆիզիկական ուժից, փոխանցման արվեստից ու խաղային գրագիտությունից, ես հետևում եմ ֆուտբոլիստի բնավորությանը։ Օրինակ՝ գնդակը կորցնելիս նա կանգնո՞ւմ է, թե՞ փորձում միանգամից հետ բերել այն: Երբ ֆուտբոլիստը դեռ երիտասարդ է, նրա տաղանդը նկատելը բարդ է. դրա համար էլ հարկավոր են փորձառու սկաուտները: Նախընտրում եմ ֆուտբոլիստին ուսումնասիրել արտագնա խաղում, քանի որ այդ ժամանակ ավելի շատ տեղեկություններ եմ ստանում նրա տրամադրվածության ու մարտական ոգու մասին»:

2000-ականների առաջին կեսին «Արսենալի» սկաուտական ցանցն աշխարհում ամենատարածվածներից էր, բայց Ռոուլին միշտ չէր հետևում իր արտասահմանցի գործընկերների խորհուրդներին: 1999-ի գարնանը նա քնել չէր կարողանում ու գիշերվա 3-ին միացնելով հեռուստացույցը՝ սկսեց հետևել «Կորինտիանս»-«Պալմեյրաս» խաղին: Ռոուլին հույս ուներ, որ այդպես կկարողանա քնել, բայց հակառակը տեղի ունեցավ. նա ուշադրությունը սևեռեց «Կորինտիանսի» ձախ պաշտպանի ուղղությամբ ու մոռացավ քնի մասին:

«Արսենալն» այդ ժամանակ Բրազիլիայում սկաուտ չուներ, այնպես որ Ռոուլին 25-ամյա տղային առաջին անգամ էր տեսնում: Սթիվին դուր եկան նրա անսխալ և ուշադրությամբ կատարված փոխանցումները: Առավոտյան տղայի տեսանյութը խնդրեց ու այն ուղարկեց Վենգերին, իսկ մի քանի ժամ անց վերջինս կարգադրեց մեկնել Սան-Պաուլու և իրականում տեսնել տղային: «Արսենալն» այդպես գտավ Սիլվինյոյին, ով հետագայում 5 տարի անցկացրեց «Բարսելոնայում»:

Հարավային Ամերիկայում «Ինտերի» սկաուտ Պյերլուիջի Կազիրագին դեմ է ֆուտբոլիստներին տեսանյութերով հետևելուն.

«Շատ երկրներում, օրինակ Խորվաթիայում և Նիգերիայում, շուկան լի է գործակալներով, ովքեր իրենց հաճախորդների հաջողված գործողությունները ներբեռնում են «YouTube»-ում: Կարծում եմ՝ ֆուտբոլիստին տրիբունայից հետևելուց լավ տարբերակ չկա: Տեսանյութում դուք ֆուտբոլիստին գնդակով եք տեսնում, բայց կարևոր է նաև, թե առանց գնդակի նա իրեն ինչպես է դրսևորում։ Ամենագլխավորն առաջին տպավորությունն է, առաջին զգացողությունը, որ առաջացնում է ֆուտբոլիստը: Դա նման է փողոցում գեղեցիկ աղջկա հանդիպելուն. դու կա՛մ պտտվում ես դեպի նա, կա՛մ ոչ: Պատանեկան առաջնություններում ինձ միայն առաջին խաղերն են հետաքրքիր, երբ ֆուտբոլիստը դեռևս թարմ է ու մոտիվացված, այդ ժամանակ հեշտ է տեսնել նրանց հեռանկարն ու սահմանը: Առաջնության ավարտին նրանք հաճախ հոգնում են ու վնասվածքներ ստանում»,-ասել է Կազիրագին:

10 տարի առաջ Կազիագին բրազիլական «Ինտերնասիոնալում» հետևում էր կենտրոնական պաշտպան Սիդնեյին, բայց նրա ուշադրությունը շեղեց հարձակվող Ալեշանդրե Պատոն: Նրա տեխնիկայով ու գոլային հոտառությամբ հիացած Կազիրագին ղեկավարությանը խորհուրդ տվեց իրականացնել տրանսֆերը, սակայն Պատոյի գործակալ Ժիլմար Վելոզը պայման դրեց. Պատոն «Ինտեր» կտեղափոխվեր միայն իր մյուս հաճախորդներից մեկի՝ փորձառու կիսապաշտպան Էմերսոնի հետ:

«Շատ թանկ գործարք կլիներ՝ 35 մլն դոլար»,-արդարացել է Կազիրագին «Fcinternews.it»-ի հետ զրույցում: Վալեզի պայմանները հարմար չէին «Ինտերին», բայց հարմար եղան «Միլանին»։ Արդյունքում Էմերսոնն օգնեց «Միլանին» հաղթել աշխարհի ակումբային 2007թ. առաջնությունում, իսկ Պատոն՝ Իտալիայի 2010-11 առաջնությունում:

Մեկ այլ իտալացի՝ Անդրեա Կարնևալեն «Նապոլիում» խաղացել է Մարադոնայի հետ և 1987-ին «Ֆիորենտինայի» դարպասին խփած նրա գնդակը թիմին չեմպիոնական առաջին տիտղոսն է բերել: Այսօր Կարնևալեն գլխավորում է աշխարհի ամենաարդյունավետ սկաուտական մեխանիզմներից մեկը՝ «Ուդինեզեն»:

«Մենք հետևում ենք աշխարհի բոլոր երիտասարդական առաջնություններին, 17-21 տարեկանների մրցաշարերին։ Սկաուտներ ունենք Բրազիլիայում, Չիլիում, Արգենտինայում, Կոլումբիայում, Բելգիայում, Շվեդիայում, Սերբիայում, Խորվաթիայում: Անընդհատ նոր ֆուտբոլիստներ ու նոր շուկաներ ենք բացահայտում»,-«Guardian»-ին տված հարցազրույցում ասել է Կարնևալեն:

Կարնևալեի ձեռքբերումներից մեկը «Կոբրելոայի» 18-ամյա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն է: Նրան 3 մլն եվրոյով են գնել, վարձավճարով հանձնել «Կոլո-Կոլոյին» և «Ռիվեր Փլեյթին», իսկ հետո Իտալիայի առաջնությունում փայլուն մրցաշրջանից հետո Սանչեսը 26 մլն եվրոյի ու բոնուսների դիմաց տեղափոխվել է «Բարսելոնա»: Ալեքսիսի համար պայքարողների թվում էր նաև «Մանչեսթեր Սիթին», որի նախկին սկաուտ Բարրի Հանտերը (հիմա «Լիվերպուլում» է) Սանչեսի մասին լուրջ տեղեկություններ էր հավաքել:

 Դրանք մեկ տարի առաջ տպագրվել են «FourFourTwo»-ում և ներկայացված են ստորև։

Ծննդյան ամսաթիվ. 2011թ, մայիս:
Վայր. Ուդինե, Իտալիայի հյուսիս-արևելք։
Նպատակ. Ալեքսիս Սանչես։
15:00. Վերջինն է լքում մարզահամալիրը: Հեռանում է «Audi R8» սպիտակ սպորտային մեքենայով: Կատակում է բազայի աշխատակիցների հետ, լավ տրամադրություն ունի:
15:20. Տանն անցկացրած մի քանի րոպեներից հետո 2 շան հետ փողոց է դուրս գալիս և վազում է քաղաքում: Դեռևս մարզահագուստով է:
16:30. Ընկերոջ հետ թենիս է խաղում:
17:50. Ընկերուհու հետ քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորան է այցելում: Խեցգետին ու աղցան է պատվիրում (առանց հավելումների): Հանքային ջուր է խմում:
19:25. Ընթրիքը սուրճով է ավարտում (առանց դեսերտի): Առձեռն փակում է հաշիվը: Ելքի մոտ լուսանկարվում ու ինքնագիր է տալիս երկրպագուներին:
20:15. Տանը դաշնամուր է նվագում:
21:30. Լույսն անջատում է ու պառկում քնելու: 

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում