«Ման․ Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4։1 հաշվով հաղթանակ տոնեց գործող չեմպիոն «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։ 

«Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպման արդյունքը վճռվեց առաջին կեսում, երբ մեկական գոլ խփեցին Քրիս Սմոլինգը, Խուան Մատան, Մարկուս Ռաշֆորդը և Պոլ Պոգբան։ Երկրորդ կեսում «աղվեսներին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 59-րդ րոպեին հիանալի հարվածով վերջնական հաշիվը ձևակերպեց Դեմարայ Գրեյը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից, ընդգրկված չէր «կարմիր սատանաների» հայտացուցակում։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 12 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Լեսթերը» 7 միավորով 12-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր Սիթի»՝ 4։1
Գոլերը՝ Սմոլինգ 22՛, Մատա 37՛, Ռաշֆորդ 40՛, Պոգբա 42՛ – Գրեյ 59՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում