Աշխարհի պատանեկան առաջնություն․ հայ շախմատիստների արդյունքները

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության չորրորդ տուրում Հայաստանի 9 ներկայացուցիչներից 8-ը հաղթեցին։

Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանն և Արթուր Դավթյանն առավելության հասան համապատասխանաբար՝ Տոմազի Ալբերտի և Չժոու Յունֆենի նկատմամբ: Սարգսյանն ու Դավթյանը վաստակել են 3-ական միավոր և 1 միավորով են զիջում առաջատարներին։

Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը տոնեց չորրորդ հաղթանակը: Մարտիրոսյանն Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբեյի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Մարտիրոսյանն ու Տաբատաբեյը մրցելու են միմյանց դեմ: Այս ենթախմբում հանդես եկող մեր մյուս ներկայացուցիչը` Դավիթ Միրզոյանը, իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը հաղթեցին համապատասխանաբար՝ Սային Ժանաթին և Դմիտրի Կոլարսին: Պետրոսյանն ու Հակոբյանը 4 հնարավորից վաստակել 3,5-ական միավոր և երկու այլ մասնակցի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հինգերորդ տուրում մեր շախմատիստները մրցելու են միմյանց դեմ:

Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը տոնեց իր առաջին հաղթանակը և այժմ ունի 1,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստուհիներ, ովքեր վաստակել են 3,5-ական միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Արփինե Գրիգորյանը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Աննա Աֆանասևային և այժմ ունի 2,5 միավոր: Այս ենթախմբում մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հոլանդիան ներկայացնող Աննա-Մայա Կազարյանը, ով դեռևս միավոր չի կորցրել։

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մարգարիտա Պարխոմենկոյի նկատմամբ: Ղուկասյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր և միայն կես միավոր է զիջում մրցաշարի 4 առաջատարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում