Շարապովա․ Հիմա հաշվելու եմ վերադարձիս օրերը

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է թենիսիստուհի Մարիա Շարապովայի որակազրկումը մինչև 15 ամիս։ Շարապովան կկարողանա կորտ վերադառնալ 2017 թվականի ապրիլի 26-ին: Հիշեցնենք, որ ռուս մարզուհին 2 տարով որակազրկվել էր այս տարվա հունվարին հակադոպինգային կանոնների ոչ միտումնավոր խախտման՝ մելդոնի նյութի օգտագործման համար։

Պատժի կրճատման առիթով Մարիա Շարապովան հանդես է եկել հայտարարությամբ։

-Մարտին իմ կյանքի ամենաբարդ օրերից մեկն էր, երբ իմացա՝ դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել։ Հենց այդ օրն էլ իմացա, որ իրականում 2017 թվականի ապրիլին կորտ վերադառնալու հնարավորություն ունեմ։ Ինձանից խլել էին այն, ինչ սիրում էի, բայց հիմա վերադարձրել են։ Թենիսն իմ կիրքն է։ Ես կարոտում եմ։ Հիմա հաշվելու եմ վերադարձիս օրերը։ Այս պատմությունից դաս եմ քաղել, և, հավանաբար, համապատասխան հետևություններ կանի Թենիսի միջազգային ասոցիացիան (ITF), քանի որ CAS-ում նշեցին՝ համաձայն չեն պատժի որոշ կետերի հետ։

Ես ամենասկզբից ընդունել եմ մեղավորությունս և նշել եմ, որ արգելված նյութն օգտագործել եմ առանց այդ մասին իմանալու։ Տեղեկացել եմ, թե տարբեր մարզական ասոցիացիաներ նման իրավիճակներում ինչպես են պատժել մարզիկներին։ Այժմ Թենիսի միջազգային ասոցիացիան պետք է ուսումնասիրի մյուսների օրինակները, որպեսզի այլ թենիսիստուհիներ չունենան այնպիսի ապրումներ, ինչպիսին ես եմ ունեցել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս։ Շնորհակալ եմ, որ այս դժվարին ամիսների ընթացքում ինձ հետ եք եղել։ Այս ընթացքում ես հասկացել եմ, թե ինչ է նշանակում իրական աջակցություն։ Շուտով վերադառնալու եմ։ Չեմ կարողանում համբերել,-ասել է Շարապովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում