Կարեն Աղամալյանը ներկայացրել է հաշվետվությունը

Կարեն Աղամալյանը ներկայացրել է հաշվետվությունը

Այսօր Օլիմպիական խաղերի մասնակցության հաշվետվությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հանդես է եկել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Նա տեղեկացրել է, որ 2016 թվականի սկզբին հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնելուց հետո կատարվել է մեծածավալ աշխատանք մարզիկներին օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար:

«Արդյունքում ունեցանք 5 վարկանիշ։ Սա աննախադեպ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Օլիմպիական խաղերի ընթացքում մեր տղաները հանդես են եկել իրենց ուժերի առավելագույն չափով: Ցավոք, մեր կանխատեսած մեդալները չկարողացանք ձեռք բերել»,- Կարեն Աղամալյանի խոսքը մեջբերված է նախարարության պաշտոնական կայքից։

Նրա խոսքերով՝ նախապատրաստական աշխատանքներին մեծապես աջակցել են թե՛ ֆեդերացիան, թե՛ ՀԱՕԿ-ը և թե՛ նախարարությունը:

«Քանի որ օլիմպիական խաղերից վերադարձել ենք առանց մեդալների, ուստի մեր մասնակցությունը բավարար գնահատել չեմ կարող»,- նշել է Աղամալյանը:

Նախարարությունում ստեղծված հաշվետվություններն ընդունող և օլիմպիական խաղերին մասնակցությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը նույնպես հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատել է անբավարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում