Մեկնարկել են շախմատի աշխարհի Մ-8, Մ-10 և Մ-12 առաջնությունները

Բաթումիում մեկնարկել են շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունները, արդեն կայացել են առաջին տուրի հանդիպումները: 

Մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանն առաջին տուրում հաղթանակ տոնեց: Հաղթանակներ տոնեցին նաև այս ենթախմբում հանդես եկող Սարգիս Սարգսյանը և Գրիգոր Դավթյանը: 

Մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում Հայաստանի 6 պատվիրակներից երեքը` Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը և Էմին Օհանյանը տոնեցին հաղթանակներ, Արսեն Դավթյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Դավիթ Գասպարյանն ու Էրիկ Հակոբյանը պարտվեցին:

Մինչև 8 տարեկանների մրցաշարում Հայաստանն ունի երեք պատվիրակ: Առաջին տուրում Նիկոլայ Հովյանը հաղթանակ տոնեց, Ռուդոլֆ Փաշիկյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Մենուա Հակոբյանը պարտվեց:

Աղջիկների մինչև 12 տարեկանների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը և Ասյա Եդիգարյանը հաղթանակներ տոնեցին, Մարիետա Խաչատրյանը ոչ-ոքի խաղաց, իսկ այս ենթախմբում հանդես եկող Նադեժդա Խաչատրյանը, Հասմիկ Քոչինյանը, ինչպես նաև մինչև 8 և 10 տարեկանների ենթախմբերում հանդես եկող մեր պատանի շախմատիստուհիները պարտություններ կրեցին:

Նշենք, որ առաջնությանը մասնակցում է 66 երկրի 700-ից ավելի պատանի շախմատիստ:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում