Նադալի համար մրցաշրջանն ավարտված է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում այլևս կորտ դուրս չի գա։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեռևս Օլիմպիական խաղերին ես մասնակցել եմ ոչ լիովին ապաքինված, և ամբողջ նախապատրաստական փուլն անցել է շատ սեղմ ժամանակում։ Ես Ռիո էի մեկնել, որպեսզի մեդալ նվաճեի Իսպանիայի համար, և զուգախաղի ոսկե մեդալը բարձր գին ունեցավ ինձ համար։ Հիմա ստիպված եմ տեղեկացնել, որ այս մրցաշրջանում այլևս չեմ խաղալու և առաջիկա ամիսներին պատրաստվելու եմ 2017 թվականի մրցաշարերին։

Ինձ համար շատ ցավալի է ընդունել, որ չեմ խաղալու Բազելում, որտեղ անցյալ տարի եզրափակչում մրցում էի Ռոջեր Ֆեդերերի հետ։ Ցավում եմ, որ բաց եմ թողնելու նաև Փարիզի մրցաշարը, որտեղ երկրպագուները և կազմակերպիչները միշտ ինձ ջերմությամբ են ընդունել»,- գրել է Նադալը «Facebook»-ի իր պաշտոնական էջում։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Նադալը հաղթել է երկու գրունտային մրցաշարում՝ Բարսելոնայում և Մոնտե-Կարլոյում, իսկ Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցումներում չեմպիոն է դարձել Մարկ Լոպեսի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում