Միհրան Հարությունյանը վիրահատության է ենթարկվել

Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հոկտեմբերի 19-ին վիրահատության է ենթարկվել Գերմանիայի Լինբուրգեհոֆ քաղաքի կլինիկաներից մեկում։

Գերմանիայում Միհրանին ուղեկցող ըմբշամարտի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանը հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է ընթացել: Facebook-յան իր էջում Բադալյանն այսպիսի գրառում է կատարել.

«Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին կատարած աշխատանքի համար: Առջևում վերականգնողական երկարատև փուլն է: Ամեն բան նորմալ է: Բուժվողն իրեն լավ է զգում»:

27-ամյա ըմբիշն աջ ձեռքի վնասվածք ստացել էր դեռ 2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական մարզական 1 -ին խաղերից առաջ, որտեղ նվաճել էր արծաթե մեդալ:

«Միհրանը աջ ձեռքի ջիլն ու մկաններն էր վնասել: Վնասվածքն աստիճանաբար ավելի էր խորացել, որն ազդել էր նաև նյարդին: Երեկ վիրահատեցին՝ ոտքի ջիլը տեղադրելով ձեռքին: Հիմա նա արդեն իրեն լավ է զգում»,- հայտնում է Բադալյանը:

Բժիշկների կանխատեսումների համաձայն` Հարությունյանի վերականգնման փուլը կտևի շուրջ 7-8 ամիս, որից հետո միայն նա կկարողանա վերսկսել մարզումները: Հիմա մինչև կիրակի նա դեռ մնալու է Գերմանիայում, բժիշկների հսկողության ներքո: Հետո արդեն կվերադառնա Երևան և բուժման կուրս կշարունակի հայրենիքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում