Մոուրինյուն բացատրել է հայտացուցակում Մխիթարյանի բացակայության պատճառը

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ֆեներբախչեին»: Այդ խաղի հայտացուցակից բացակայել է և հանդիպմանը տրիբունայից է հետևել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած նրան, որ ապաքինվել է վնասվածքից և մասնակցում է թիմի մարզումներին:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է 27-ամյա ֆուտբոլիստի բացակայության պատճառը.

«Մեկ բան է, երբ դու առողջ ես, և լրիվ այլ բան է ֆունկցիոնալ լավ վիճակ ունենալ ու պատրաստ լինել մասնակցել արագուժային խաղին: Ես այսօր խաղադաշտ էի դուրս բերել Լինգարդին ու Մարսյալին: Պահեստայինների նստարանին էին Ռաշֆորդն ու Դեպայը: Չեմ կարող բոլորին խաղաժամանակ տալ:

Միկին երկար ժամանակ չի խաղացել և պետք է ավելացնի ֆունկցիոնալ վիճակը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Express.co.uk»-ը:

Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին՝ ԱՊԼ-ի 4-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճում (1:2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում