Լևոն Ջուլֆալակյան․ Արսենից և Մաքսիմից մեծ ակնկալիքներ ունեինք

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շարունակվում են Օլիմպիական խաղերին մասնակցած հավաքական թիմերի գլխավոր մարզիչների կողմից ներկայացվող հաշվետվությունների լսումները։

Այսօր հաշվետվությամբ հանդես է եկել հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը ներկայացրել է հավաքականի մարզիկների համար նախապես ըստ ժամանակացույցի կազմակերպված նախապատրաստական աշխատանքները:

«Մենք պայքարում էինք 6 քաշային կարգերում վարկանիշ ձեռք բերելու համար, սակայն կարողացանք վարկանիշ ունենալ միայն 4 քաշային կարգերում՝ 66 կգ Միհրան Հարությունյանը, 75 կգ Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ Արթուր Ալեքսանյանը: Միհրանի և Արթուրի մասին չեմ խոսի: Արսենը, ումից մեդալ էինք սպասում, թույլ տվեց տակտիկական սխալ և դուրս մնաց հետագա պայքարից: Մաքսիմից նույնպես մեծ ակնկալիքներ ունեիք, բայց, ցավոք, դրանք նույնպես չարդարացան»,- Ջուլֆալակյանի խոսքը մեջբերված է նախարարության պաշտոնական կայքից։

Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար և նշել է, որ չնայած Լևոն Ջուլֆալակյանը գոհ չէ իր բոլոր սաների մրցելույթներից, հավաքականի մասնակցությունը գնահատվում է լավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում