Մոուրինյու․ Մխիթարյանը պետք է աշխատի և սպասի իր հնարավորությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, խոսելով կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայի երրորդ տուրի՝ «Ֆեներբախչեի» հետ խաղի (4:1) հայտացուցակում չընդգրկելու որոշման մասին, նշել է, որ հայ ֆուտբոլիստը պետք է պարզապես շատ աշխատի ու սպասի իր հնարավորությանը։

-Ես կարող էի նրան ընդգրկել պահեստայինների թվում և 15-20 րոպե խաղաժամանակ տալ, ինչպես արեցի Մեմֆիսի դեպքում, բայց հիմա Հենրիխը պետք է շարունակի աշխատել։ Նա երեկ անհատական ծրագրով լավ է աշխատել և պետք է շարունակի նույն ոգով, ապա սպասի իր հնարավորությանը։ Ընդհանուր առմամբ, նա պատրաստ է և շուտով կկարողանա խաղադաշտ դուրս գալ,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը նշել էր, որ նախընտրել է խաղադաշտ դուրս բերել արագուժային ֆուտբոլիստների։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որի առաջին կեսից հետո նրան փոխարինել է Անդեր Էրրերան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում