Կերբեր․ Երազել եմ նման հաջողության մասին

Գերմանուհի Անժելիկա Կերբերը 2016 թվականի արդյունքներով ապահովել է WTA վարկանիշային աղյուսակի առաջատարի կարգավիճակը։ Այս մասին հաղորդում է WTA-ի պաշտոնական կայքը։

Կերբերը դարձել է 12-րդ թենիսիստուհին, ով 1975 թվականին վարկանիշային համակարգի ներդրումից հետո տարին կավարտի առաջին հորիզոնականում։ Բացի այդ, Անժելիկա Կերբերը դարձել Է Գերմանիան ներկայացնող երկրորդ թենիսիստուհին, ով նման հաջողության է հասնում։ Ընդ որում, մյուս թենիսիստուհին՝ Շտեֆֆի Գրաֆը բացարձակ ռեկորդակիր է․ նա 8 անգամ տարվա արդյունքներով եղել է աշխարհի լավագույն թենիսիստուհի։

«Ինձ համար մեծ պատիվ և նվաճում է տարին ամփոփել առաջին հորիզոնականում։ Միշտ երազել եմ նման հաջողության մասին։ Տքնաջան աշխատել եմ ուժեղագույնը դառնալու համար։ Վարկանիշային աղյուսակում իմը տեղն աշխատանքի արդյունք է։ Հիանալի մրցաշրջան եմ անցկացրել»,- Կերբերի խոսքը մեջերված է WTA-ի պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ Անժելիկա Կերբերը նախկին առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսին շրջանցել է սեպտեմբերի 12-ին՝ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում տոնած չեմպիոնության շնորհիվ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում