Մեսսին, Իսկոն, Մարսյալը և մյուս «Ոսկե տղաները»

Ներկայացնում ենք այն ֆուտբոլիստերին, ովքեր մինչև Ռենատու Սանշեշն արժանացել են Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչև 21 տարեկան) համար նախատեսված «Golden Boy» մրցանակին։ 

2003. Ռաֆայել վան դեր Վարտ («Այաքս»)

Հենց սկզբից Ռաֆայել վան դեր Վարտը կոչված էր փառքի հասնելու։ Նա հոլանդական ֆուտբոլային դպրոցի լավագույն շրջանավարտներից է, հայրենիքում երկու առաջնությունում հաղթեց, հետո «Համբուրգում» խաղաց, ապա 13 միլիոնի դիմաց «Ռեալ» տեղափոխվեց։ Անխոս, նա տաղանդավոր էր, բայց բազմաթիվ վնասվածքները թույլ չտվեցին ավելիին հասնել։ Մադրիդյան ակումբում երկու մրցաշրջանից հետո նա տեղափոխվեց «Տոտենհեմ», ապա վերադարձավ «Համբուրգ»։

Վան դեր Վարտից միշտ մեծ ակնկալիքներ կային, սակայն «Բետիս» տեղափոխությունը վերջնականապես խաչ քաշեց նրա փայլուն կարիերայի վրա։ Որտե՞ղ է հիմա Ռաֆայելը․․․Դանիական «Միդտյուլանում»։

2004. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»)

«Էվերթոնում» երկու մրցաշրջան խաղալուց հետո Ռունին 25 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Դա ռեկորդային գին էր 20 տարին չբոլորած ֆուտբոլիստի համար։ Մանչեսթերում նա շարունակում էր զարմացնել ու կատարելագործվում էր։ Չի կարելի չհիշել Եվրո-2004-ում նրա ելույթները։

Ռունին «Մանչեսթեր Յունայթեդին» օգնել է գավաթներ նվաճել, բայց ակումբում նրա լավագույն օրերն անցյալի գրկում են։ Այժմ Ժոզե Մոուրինյուն նրան հիմնական կազմի ֆուտբոլիստ չի համարում, իսկ կարիերայի ավարտը սարերի հետևում չէ․․․

2005. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

«Դեռահասի կողմից նման խաղ երբեք չէի տեսել»,- ասաց Ֆաբիո Կապելոն այն բանից հետո, երբ փոքրամարմին արգենտինացին սարսափեցրեց իր «Յուվենտուսին»։ Իտալացին փորձեց վարձավճարով ձեռք բերել Մեսսիին, բայց Ֆրանկ Ռայկարդը որպես պատասխան պարզապես ծիծաղեց։

Դեռևս այդ ժամանակ ֆուտբոլային աշխարհն ի դեմս Մեսսիի՝ նոր լեգենդի տեսավ։ Տարիներն անցան, «Golden Boy»-ին փոխարինեցին «Ոսկե գնդակները», բայց Մեսսին դեռ կանգնելու միտք չունի։

2006. Սեսկ Ֆաբրեգաս («Արսենալ»)

16 տարեկանում «Արսենալում» հայտնվելով՝ Ֆաբրեգասն արագ վաստակեց Արսեն Վենգերի լավագույն սաներից մեկի կոչումը։ Վիեյրայի հեռանալուց հետո 2005-ին նրա ուսերին մնաց թիմի կիսապաշտպանության բեռը։ 2006-ին 19 տարեկանում նա արդեն մոտ էր ԱՊԼ-ում 100-րդ խաղն անցկացնելուն։

Սակայն տիտղոսները քիչ էին, ինչի արդյունքում Ֆաբրեգասը միացավ «Բարսելոնային», ապա նորից վերադարձավ Անգլիա, բայց արդեն «Չելսին» ընտրեց, որտեղ հիմա գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։

2007. Սերխիո Ագուերո («Ատլետիկո»)

Երբ 15 տարեկանում հիմնական կազմի խաղացող ես, քեզանից շատ բան են սպասում։ Իսկ երբ 17 տարեկանում ակումբի պատմության լավագույն գոլն ես խփում, աշխարհը խենթանում է։

Այս ամենն Ագուերոյի հետ տեղի ունեցավ նախքան «Ինդեպենդյենտեից» 23 մլնի դիմաց «Ատլետիկո» տեղափոխվելը։ Կունն Իսպանիայում շարունակեց  փայլել, ապա որոշեց ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ ևս գործերը վատ չեն ընթանում․ «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած 154 խաղն ու107 գոլը դրա ապացույցն են։

2008. Անդերսոն («Մանչեսթեր Յունայթեդ»)

Տաղանդավոր Անդերսոնը Բրազիլիայի ապագա գերաստղն էր համարվում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ժամանակավոր էյֆորիայի մեջ էին։ Նրան «Գրեմոյի» կազմում հիասքանչ խաղի համար «նոր Ռոնալդինյո» էին կոչում, բայց հիմա որևէ մեկն այդ մասին չէր հիշում։

Ի՞նչ պատահեց։ «Մանչեսթեր Յունայթեդում» Անդերսոնն «իր ափսեի մեջ չէր»։ Նա այդպես էլ չհարմարվեց «կարմիր սատանաների» խաղաոճին, և բոլորն արագ մոռացան, որ նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է․ նոր թիմում առաջին գոլի համար Անդերսոնից 40 խաղ պահանջվեց։

Այդ ամենին զուգահեռ ֆուտբոլիստին վնասվածքներն էին տանջում։ 2014-ին Անդերսոնը վարձավճարի դիմաց «Ֆիորենտինա» տեղափոխվեց, ապա որոշեց Բրազիլիա վերադառնալ։

2009. Ալեշանդրե Պատո («Միլան»)

Վերջին տարիներին Պատոյի խաղին հետևելով՝ բարդ է հավատալ, որ ժամանակին նրա մասին ամբողջ աշխարհն էր խոսում։

Մինչդեռ 2007-ին Պատոն, 13 մլն ֆունտի դիմաց «Միլան» տեղափոխվելով, չորս հիանալի մրցաշրջան անցկացրեց այնտեղ։ «Միլանում» ամեն ինչ լավ էր ընթանում, և դրա վկայությունն է 102 խաղում խփած 50 գնդակը, բայց կրկնվող վնասվածքների հետ ամեն բան փոխվեց։ Նորից ու նորից հարձակվողը դուրս մնաց շարքից, ու շուտով ոչ մի ակումբ նրան իր կազմում տեսնելու ցանկություն չհայտնեց։ 2013-ին Պատոն վերադարձավ Բրազիլիա՝ «Կորինտիանս», բայց այստեղ էլ երկրպագուները դադարեցին հարգել նրան․ Ալեշանդրեի չիրացրած տուգանայինը թիմին զրկեց Բրազիլիայի գավաթից։

«Սան Պաոլոյում» ևս վատ չէր, բայց երկար թափառումներից հետո բրազիլացին կրկին վերադարձավ Եվրոպա և այժմ «Վիլյառեալում» փորձում է հիշեցնել նախկին փառքի մասին։

2010. Մարիո Բալոտելլի («Մանչեսթեր Սիթի»)

Սկանդալներ, մեքենաներ, անհարմար իրավիճակներ. հենց դրանցով ենք հիշում Բալոտելլիին, ով նոր ժամանակների ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է համարվում։

Բայց չէ՞ որ 2010-ին ամեն ինչ այնքան լավ էր։ Իտալիան հիանում էր Սուպեր Մարիոյով, ով 20 տարեկանում արդեն խաղում էր հավաքականում։ Նա լավ անունով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», բայց լավ մարզավիճակը մոռացավ հայրենիքում։

«Golden Boy»-ը ստանալով՝ Բալոտելլին երկար ժամանակ ծաղրում էր այդ տարի երկրորդ հորիզոնականում հայտնված Ուիլշիրին և հայտարարում, որ աշխարհում միայն Մեսսին է իրենից մի փոքր ավելի լավ, սակայն խաղադաշտում այլ պատկեր էր։ «Մանչեսթեր Սիթիից» հետո նա տեղափոխվեց «Միլան», ապա «Լիվերպուլ»։ Հիմա Մարիոն 26 տարեկան է, խաղում է համեմատաբար համեստ «Նիցայում» և նորից պարբերաբար գոլեր է խփում։ Գուցե վա՞ղ է նրան դուրս հանել լավագույնների ցուցակից․․․

2011. Մարիո Գյոտցե («Բորուսսիա Դորտմունդ»)

Գյոտցեն Յուրգեն Կլոպի երիտասարդ «Բորուսսիայի» դեմքն էր։ 2011-ին, երբ Մարիոյին Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էին համարում, նա թիմի հետ նվաճել էր Բունդեսլիգայի գավաթը և մտադիր էր կրկնել հաջողությունը։ Սակայն մրցանակը ստանալուց հետո Գյոտցեն կորցրեց իրեն․ վնասվածքներն ընդհատեցին նրա խաղը, իսկ որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց «Բավարիա», որտեղ գրեթե չխաղաց։ Արդյունքում՝ վերադարձ հարազատ ակումբ և նախկին անունը վերականգնելու ջանքեր։

2012. Իսկո («Մալագա»)

«Վալենսիան» հայտնի է թե՛ իր շրջանավարտներով, թե՛ մեծ սխալներով։ 2011-ին 6 միլիոն եվրոյի դիմաց Իսկոյին վաճառելու համար նրանք, հավանաբար, զղջացել են։

«Մալագան» միայն ուրախ էր ձեռք բերել իսպանացուն, ով միանգամից օգնեց որակավորվել Չեմպիոնների լիգայում, որտեղ կրկին Իսկոյի շնորհիվ թիմը կարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը, հաղթել «Պորտուին» և քիչ էր մնում նույնն աներ «Բորուսսիայի» հետ դիմակայությունում, բայց այդ դեպքում աշխատեց մրցավարական գործոնը։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո Իսկոն 30 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ», սակայն հիմնական կազմը դեռևս նպատակ է նրա համար։

2013. Պոլ Պոգբա («Յուվենտուս»)

Ալեքս Ֆերգյուսոնը չշտապեց խաղաժամանակ տալ Պոլ Պոգբային, իսկ նրա սխալն ուղղեց Անտոնիո Կոնտեն, ում շնորհիվ ֆրանսիացին 17 խաղերից 13-ում դաշտ դուրս եկավ և «Յուվենտուսի» կազմում դարձավ եվրոպական ֆուտբոլի լավագույն երիտասարդը։

2013-14թթ․ մրցաշրջանում Պոգբան դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ, հիանալի խաղաց Անդրեա Պիրլոյի, Արտուրո Վիդալի հետ։ Աստիճանաբար դարձավ թուրինցիների առաջատարը, իսկ 2016-ին վերադարձավ տուն՝ Մանչեսթեր, որտեղ հիմա արժանանում է Ժոզե Մոուրինյուի վստահությանը, թեպետ խաղով չի փայլում։

2014. Ռահիմ Սթրլինգ («Լիվերպուլ»)

2013-14 մրցաշրջանում  Սուրաեսի և Սթարիջի գոլերը «Լիվերպուլին» օգնեցին պայքարել ԱՊԼ-ի առաջին հորիզոնականի համար, բայց չի կարելի մոռանալ Սթերլինգին, ով «կարմիրների» ամենավառ ու երիտասարդ կերպարներից էր։

2014 թ․ նա հիասքանչ մարզավիճակում էր, սակայն Սուարեսի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից և Սթարիջի պարբերական վնասվածքներից հետո Ռահիմը որոշեց երկար չմնալ «Լիվերպուլում» ու չմերժեց «Մանչեսթեր Սիթիում» հանդես գալու շահավետ առաջարկը։ Առաջին մրցաշրջանն այնքան էլ լավ չդասավորվեց, բայց եթե կա մեկը, ով կարող է նրան իսկական աստղ դարձնել, Պեպ Գվարդիոլան է։

2015. Անտոնի Մարսյալ («Մանչեսթեր Յունայթեդ»)

2015-ից առաջ Մարսյալը Լիգա 1-ում ընդամենը 14 խաղի էր մասնակցել, բայց դա նրան չխանգարեց դառնալ աշխարհի ամենաթանկարժեք երիտասարդը։ Այդ մրցաշրջանի երկրորդ կեսում նա 11 գնդակ խփեց, ապա 26 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հենց Անտոնինն էր Լուի վան Գալի «Մանչեսթեր Յունայթեդի» ամենավառ կետը, սակայն այս մրցաշրջանում հիմնական կազմում նրա տեղը երերուն է։ Ամեն դեպքում, Մարսյալը դեռ 20 տարեկան է, ու ամեն ինչ դեռ առջևում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում