Հնարավոր է՝ Մաքգրեգորը մենամարտ անցկացնի «Սանտյագո Բեռնաբեուում»

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2017 թվականի համար ծրագրեր է կազմում։

«Goal.com»-ը գրում է, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և UFC կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Քոննոր Մաքգրեգորի ընկերությունն առիթ է դարձել, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունը «Սանտյագո Բեռնաբեուում» 28-ամյա իռլանդացու մասնակցությամբ մենամարտ կազմակերպելու ծրագիր ներկայացնի։

«Մենք ուրախությամբ կկազմակերպենք UFC մրցաշար։ Մեր մարզադաշտը կարող է ընդունել ավելի քան 80 000 հանդիսականի»,- «Ռեալի» ներկայացուցչի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը։

Նշենք, որ Մաքգրեգորի առաջիկա՝ Էդի Ալվարեսի հետ մենամարտը կայանալու է նոյեմբերի 12-ին, Նյու Յորքում։ Ավելի վաղ մարզիկը նշել է, որ չի ցանկանում մենամարտել Լաս Վեգասում, որտեղ սովորաբար անցկացվում են UFC մենամարտերը։ Այնպես որ, չի բացառվում՝ կառույցի ղեկավարությունը դիտարկի «Ռեալի» առաջարկը։

Քոննոր Մաքգրեգորը «Սանտյագո Բեռնաբեուում» մենամարտելու վերաբերյալ դեռևս հայտարարություն չի արել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում