NBA. Ուեյդի որոշիչ նետումն ու Լենարդի շարունակվող արդյունավետությունը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր կայացել է խաղային 3-րդ օրը:

«Չիկագոն» ընդունել է «Բոսթոնին» և հաղթել 105:99 հաշվով: Երկողմանի վերելքներով ու անկումներով անցած խաղում որոշիչ է դարձել խաղավարտից 26 վայրկյան առաջ «Բուլզի» անվանի նորեկ Դուեյն Ուեյդի հեռահար նետումը, որից հետո «ցլերը» 5 միավորի առավելություն են ստացել, որը կարողացել են մինչև վերջ պահպանել:

2 օր առաջ չեմպիոնության գլխավոր ֆավորիտ «Գոլդեն Սթեյթին» արտագնա մրցավեճում ջախջախած «Սան Անտոնիոն» այսօր հյուրընկալվել է «Սակրամենտոյին» և 102:94 հաշվով հաղթանակ տոնել: «Սփըրսը» մինչև երրորդ քառորդի վերջնամասը հաշվի մեջ զիջելիս է եղել, սակայն հետո առավելութուն է ստացել և կարողացել է զարգացնել այն:

Կրկին փայլուն հանդիպում է անցկացրել Կավայ Լենարդը, ով վաստակել է 30 միավոր: Ուորիորզի դեմ մրցավեչում նրա հաշվին գրանցվել էր 35 միավոր: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Քինգզի» ծանր հարձակվող ԴեՄարկուս Կազինսն է եղել. նա հավաքել է 37 միավոր և 16 անգամ տիրել է անդրադարձին:

Այսօր կայացած մյուս երկու խաղերում «Լոս Անջելես Կլիպերսը» մրցակցի հարկի տակ 116:104 հաշվով պարտության է մատնել «Պորտլենդին», իսկ «Ատլանտան» սեփական խաղահրապարակում 114:99 հաշվով առավելության է հասել «Վաշինգտոնի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում