Շախմատային առաջնություն՝ լրագրողների մասնակցությամբ

Հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (hասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ) տեղի կունենա ԶԼՄ-ների միջև երկրորդ շախմատային առաջնությունը:

Մրցաշարի հովանավորներն են` «Վիվարո» (գլխավոր հովանավոր) ընկերությունը, Հայաստանի Շախմատի Ակադեմիան, Մեգա Սպորտ խանութը և «Սիլ Մաազա» ընկերությունը, կազմակերպիչն է` Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մցաշարը կանցկացվի 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով: Մրցաշարի գլխավոր մրցավարն է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակները կհանձնեն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը, «Վիվարո» ընկերության և «Մեգա Սպորտ» խանութի ներկայացուցիչները:

1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն գավաթներով և գումարային մրցանակներով հովանավորի կողմից, իսկ 4-5 տեղեր զբաղեցրած մասնակիցները` նվերներով: Մրցանակների կարժանանան նաև 3 անվանակարգով աչքի ընկած մասնակիցները` ամենաարագ հաղթանակի համար, ամենագեղեցիկ պարտիայի համար եւ կամքի ուժ դրսեւորելու համար: Մրցաշարին մասնակցում են 27 լրագրող տարբեր լրատվամիջոցներից:

Առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել2015 թվականի հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը՝ «Գոլոս Արմենիի» թերթից:

Հավելենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում է նաև Sport Times.am-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում