Արտակ Օսեյան. Վերջում մեր բախտը բերեց

Բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` 2:1 հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ: Հաղթող թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը խաղից հետո մամուլի ասուլիս տվեց:

«Այսօր այդքան էլ հավասարակշռված չխաղացինք, պաշտպանությունում մրցակցին շատ տարածություններ տվեցինք: Լավ էր՝ գոնե 2 գոլ խփեցինք: Կարծում եմ` վերջնամասում մեր բախտը բերեց: Որակական առումով այդքան էլ լավ չգործեցինք, բայց մենք հասկանում ենք, որ միշտ չենք կարող բարձր մակարդակով խաղալ: Կարևորը բնավորություն ցույց տալն է»,- ասաց Օսեյանը։

«Փյունիկը» երրորդ անընդմեջ խաղում անկյունայինի խաղարկումից հետո գոլ խփեց: Sport.times.am-ի այն հարցին, թե թիմն ինչ-որ հատուկ կերպո՞վ է նախապատրաստում ստանդարտի այդ խաղարկումը, Օսեյանը պատասխանեց.

«Մենք անկյունայինի լավ իրացնող և այն հաջող եզրափակող ֆուտբոլիստներ ունենք: Դա էլ իր արդյունքը տալիս է»:

Ալիկ Առաքելյանի` առաջին կեսում պասիվության և երկրորդ կեսում ավելի հաջող գործելու, ինչպես նաև Կամո Հովհաննիսյանի չտպավորող գործողությունների վերաբերյալ հարցին 29-ամյա մասնագետն դիվանագիտորեն ասաց.

«Սա 15 օրվա ընթացքում մեր 5-րդ խաղն էր: Բնական է, որ ամեն ինչ լավ չի կարող լինել: Մենք հանգիստ ենք վերաբերվում այդ ամենին»:

Մրցաշրջանի սկզբում Օսեյանը նշում էր, որ «Փյունիկի» գլխավոր նպատակը երիտասարդ ֆուտբոլիստներով թիմ կառուցելն է, սակայն այժմ երևանցիները բարձրացել են 2-րդ հորիզոնական և առաջատար «Շիրակին» զիջում են 3 միավորով: Sport.times.am-ը հետաքրքրվեց արդյո՞ք նման արդյունքներից հետո «Փյունիկի» ղեկավարության կողմից դրված խնդիրները փոխվել են․

«Նպատակները չեն փոխվել: Շատ հեռուն չենք նայում: Գլխավորը խնդիրը թիմ կառուցելն է: Շատ լավ է, որ դրա հետ մեկտեղ արդյունք ենք ապահովում: Մեզ համար ամենակարևորը հաջորդ հանդիպումն է»,-պատասխանեց Արտակ Օսեյանը։

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում