Կարին դարձել է NBA-ի անհավանական թվացող ռեկորդի հեղինակ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր «Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ 113:103 հաշվով հաղթել է «Նյու Օրլեանին»:

Խաղի հերոս է դարձել «Ուորիորզի» խաղարկող Ստեֆեն Կարին, ով 13 արդյունավետ հեռահար (3-միավորանոց) նետում է կատարել: Դրա համար ամերիկացի բասկետբոլիստին պահանջվել է ընդամենը 17 նետում կատարել: 28-ամյա խաղացողն այդ մրցավեճում ընդհանուր առմամբ վաստակել է 46 միավոր:

Մեկ խաղում արդյունավետ 13 հեռահար նետումները NBA-ի նոր ռեկորդն է: Նախկին լավագույն ցուցանիշը երկար ժամանակ անգերազանցելի էր մնում: Մեկ հանդիպման ընթացքում 12 հեռահար նետումով լավագույն արդյունքը պատկանում էր Կոբի Բրայանտին, Դոնել Մարշալին և նույն Ստեֆեն Կարիին:

Ուշագրավ է, որ Կարին այդ պատմական ռեկորդը գրանցել է այն բանից հետո, երբ «Լեյքերսի» դեմ նախորդ մրցավեճում խափանվել էր նրա 157 խաղերից բաղկացած արդյունավետության շարքը, որոնց ընթացքում նա նվազագույնը մեկ 3-միավորանոց արդյունավետ նետում էր կատարում: «Լեյքերսի» դեմ մրցավեճում նա 10 հեռահար փորձ էր կատարել, որոնք բոլորն անհաջող էին ստացվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում