Արամ Հայրապետյան. Հայկական թիմերը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի խաղամակարդակին են

Արամ Հայրապետյան. Հայկական թիմերը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի խաղամակարդակին են

«Արարատի» պաշտոնական կայքը զրուցել է թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանի հետ, ով այս մրցաշրջանում կրում է թիմի ավագի թևկապը: Մինչ Հայաստան տեղափոխվելը փորձառու դարպասապահը, ով նոյեմբերի 22-ին կդառնա 30 տարեկան, հանդես է եկել ռուսական «Սոչի», «Կուզբաս» և «Սմենա» ակումբներում:

Նշենք, որ Ռուսաստանում ծնված և մեծացած Հայրապետյանը համալրել է երևանյան թիմի կազմը 2014/2015 մրցաշրջանի ընթացքում, լքել է «Արարատը» հաջորդ մրցաշրջանում և վերադարձել թիմ ընթացիկ առաջնությունից առաջ:

– Արամ, ինչպե՞ս ես քեզ զգում «Արարատում» և արդյո՞ք թիմը հասցրել է քեզ համար հարազատ դառնալ:

– Սա իմ երրորդ մրցաշրջանն է «Արարատում»: Հիանալի հարաբերությունների մեջ եմ բոլորի` թիմակիցների, մարզիչների և անձնակազմի հետ: Ինձ նույնպես այստեղ լավ են վերաբերվում: Թիմն, իրոք, ինձ համար հարազատ է դարձել:

– Դու վստահ ես հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում և բազմաթիվ անգամ փրկել ես թիմին: Արդյո՞ք դա նշանակում է, որ դու շարունակում ես առաջադիմել, քանի որ շատ դարպասապահներ ավելի ուշ են սկսում բացահայտել իրենց ներուժը:

– Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատում» մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: Նոր մարզիչը հավատաց ինձ, խաղաժամանակ տրամադրեց: Երբ մարզիչն ինձ հավատում է, ես ձգտում եմ առաջադիմել և հնարավորինս շատ օգուտ բերել թիմին:

– Ստացվեց այնպես, որ «Արարատը» լիարժեք նախապատրաստական փուլ չանցավ, կազմում փոփոխությունները ստիպված կատարվում էին պաշտոնական խաղերի ընթացքում, ինչի հետևանքով հաջող մեկնարկել թիմին չհաջողվեց: Ե՞րբ արարատցիները կսկսեն վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում:

– Այո, մենք չունեցանք լիարժեք նախապատրաստական փուլ և առաջին խաղերում մեզ պակասում էր խաղակցվածությունը: Մարզիչը ստիպված էր հավաքել նոր թիմ մեկ ամսվա ընթացքում, քանի որ նախորդ տարվա կազմից թիմում միայն մի քանի հոգի էին մնացել: Փաստորեն, «սպոնտան» սելեկցիայի հետևանքով պետք էր կողմնորոշվել կազմի հարցում առաջնության խաղերին զուգահեռ: Երիտասարդ ֆուտբոլիստներին պակասում է փորձը, սակայն ինքնանվիրումը բարձր մակարդակի վրա է. բոլորը ձգտում ունեն, պայքարում են, մեծ ցանկությամբ են խաղում: Կարծում եմ, որ առաջնության առաջին կեսի ավարտից հետո մենք բեղմնավոր հավաքներ կանցկացնենք, կբարելավենք խաղակցվածությունը, ինչից հետո «Արարատը» կսկսի շատ ավելի լավ խաղալ:

– Մրցաշրջանի ընթացքում դու դարձար «Արարատի» ավագը: Ինչպե՞ս ես քեզ զգում այդ դերում և արդյո՞ք այս փաստը քեզ համար լրացուցիչ պատասխանատվություն է:

– Իհարկե, թիմի ավագ լինելը մեծ պատասխանատվություն է: Պետք է ավելի լավ խաղամ, այսպես ասած, թիմին իմ հետևից տանեմ: Ցանկանում եմ արդարացնել մարզչի սպասելիքները, ով ինձ է վստահել է ավագի թևկապը: Փորձում եմ անսխալ գործել և փրկել թիմին:

– Արդյո՞ք ունես Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու նպատակ: Ըստ տեղեկությունների՝ Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ ազգային թիմի նոր մարզչական շտաբը հետաքրքրված էր քո ծառայություններով:

– Հուսով եմ՝ որ կարժանանամ հավաքականի մարզչի ուշադրությանը: Հավաքականից հրավեր ստանալն իմ գլխավոր նպատակներից մեկն է: Իմ հայրենիքի ազգային հավաքականը ներկայացնելը մեծ պատիվ կլինի ինձ համար:

– Կարիերայիդ ռուսական փուլի ընթացքում դու հանդես ես եկել երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) թիմերում: Կարո՞ղ ես համեմատել ՊՖԼ-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հետ:

– Կարող եմ ասել, որ Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող թիմերը մեկ գլուխ բարձր են ՊՖԼ-ի ակումբներից, իսկ եթե համեմատենք հայկական ակումբները ՖՆԼ-ի (Ռուսաստանի առաջին դիվիզիոն) թիմերի հետ, գրեթե նույն խաղամակարդակն է: Դե իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգան, իհարկե, ավելի ուժեղ է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս Հայաստանի առաջնությունը: Կան լավ լեգիոներներ, որակյալ տեղացի ֆուտբոլիստներ:

– Ո՞վ է Հայաստանի առաջնության ամենավտանգավոր հարձակվողը:

– Կարող եմ առանձնացնել «Գանձասար-Կապանի» զամբիացի վինգեր Լուբամբո Մուսոնդային և «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանին:

– Արդյո՞ք եղել էիր հայրենիքում մինչ Հայաստանի առաջնություն տեղափոխվելը և ի՞նչ է քեզ ամենաշատը դուր գալիս այստեղ:

– Իմ պապիկը ծնվել է Էջմիածնում, այնտեղ ես բարեկամներ ունեմ: Եղել էի Հայաստանում մանուկ հասակում: Ինձ հետաքրքրում և դուր է գալիս Հայաստանի հետ կապված ամեն ինչ` միսը, ջուրը, օդը, տեսարժան վայրերը, եկեղեցին և իհարկե Երևանը, որն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է:

– Արդեն տիրապետու՞մ ես հայերեն լեզվին:

– Շատերն ինձ հետ ռուսերեն են խոսում, քանի որ մի փոքր դժվարանում եմ: Ես գրեթե ամեն ինչ հասկանում եմ, սակայն չեմ կարող ասել, որ լիովին տիրապետում եմ հայերեն լեզվին: Իսկ ահա ֆուտբոլային տերմիններն արդեն լավ գիտեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում