Աստղային մարզիկներ, ովքեր ցանկացել են ֆուտբոլիստ դառնալ

Աստղային մարզիկներ, ովքեր ցանկացել են ֆուտբոլիստ դառնալ

Մինչ Ուսեյն Բոլտը լրջորեն մտածում է ֆուտբոլային կարիերա սկսելու մասին, թվենք այն մարզիկներին, ովքեր ֆուտբոլիստ դառնալու ցանկություն են ունեցել, բայց․․․

Ուսեյն Բոլտ

Համաշխարհային ճանաչում ունեցող Ուսեյն Բոլտը ֆուտբոլի մասին զրույցների ընթացքում անընդհատ կրկնում է, որ երազում է իրեն դաշտում դրսևորել ու խաղալ սիրելի ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզահագուստով: Շատերը նրա խոսքերը կատակի են վերածում, սակայն Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը հայտարարել է, որ 2017-ին հրաժեշտ է տալու թեթև աթլետիկային, իսկ շուտով կսկսի մարզվել «Բորուսսիայի» կազմում: Մարզիկն արդեն իսկ խոսել է դորտմունդցիների գլխավոչ մարզիչ Թոմաս Տուխելի հետ ու քննարկել բոլոր մանրամասները: Հեռանկարը, որ նա գնդակից շուտ կհայտնվի ցանցում, չի կանգնեցնում Բոլտին․․․

Բոլտ. «Շուտով մի քանի օր կմարզվեն «Բորուսսիայի» հետ: Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա: Եթե կարողանայի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», կիրականացնեի վաղեմի երազանքս: Կարիերաս ավարտելուց հետո կցանկանայի 2 տարի ֆուտբոլով զբաղվել: Միշտ նայել եմ տղաներին ու մտածել, որ կարող էի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Կփորձեմ: Անխոս, ես լավ խաղացող կլինեմ՝ հարձակողական ոճի կիսապաշտպան կամ պաշտպան»:

Միխայել Շումախեր

«Ֆորմուլա-1»-ի պատմության լավագույն արշավորդը ևս չի թաքցրել ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը: Ավտոարշավորդի կարիերան ավարտելուց հետո Միխայել Շումախերը պարբերաբար բարեգործական մրցաշարերի է մասնակցել ու որոշ ժամանակ նույնիսկ խաղացել շվեյցարական լիգայում հանդես եկող սիրողական «Էհիհենս» թիմում: Թիմի գլխավոր մարզիչը Շումախերին խնդրում էր կարիերայի ավարտից հետո ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆուտբոլին և փրկել թիմին ցածրագույն լիգայում հայտնվելուց։

Բայց տեղի ունեցավ դժբախտությունը․․․ ավտոարշավորդը ծանր վնասվածք ստացավ ու հրաշքով ողջ մնաց: Կես տարի գերմանացին կոմայի մեջ էր, իսկ հիմա վերականգնում է առողջությունը: Մինչդեռ հայրն ապաքինվում է, Շումախերի որդին՝ Միկն առաջին քայլերն է կատարում ֆուտբոլում: 

Շումախեր. «Խաղադաշտ դուրս գալով՝ ավելի էի հուզվում, քան «Ֆորմուլա-1»-ում ելույթ ունենալիս: Գնդակը պահելու համար ուժերի այդքան մեծ լարում չէր պահանջվում, ինչպես մեծ արագության դեպքում վտանգավոր շրջադարձ կատարելիս: Հետաքրքրական է, որ արշավը մեկնարկելիս այլ բանի մասին մտածելու ժամանակ միշտ ունենում էի, իսկ ֆուտբոլում, հազիվ թե ժամանակ ունենաս շուրջդ նայելու և կատարվելիքը հասկանալու համար»:

Կոբի Բրայանտ

Լեգենդար բասկետբոլիստը մանկության մի մասն Իտալիայում է անցկացրել․ նրա հայրը հանդես էր եկել բասկետբոլի իտալական պրոֆեսիոնալ լիգայում: Այդ տարիներից Կոբին սովորել է սահուն իտալերեն խոսել: Այդ հարցում «Լեյքերսի» ապագա աստղին օգնել են ֆուտբոլային խաղընկերները: Կոբին ֆուտբոլի սիրահար է ու բազմաթիվ հայտնի ընկերներ ունի հատկապես «Բարսելոնայում»: 2012-ին կատալոնական ակումբն իր մասնաճյուղը բացեց ԱՄՆ-ում, և Կոբին, կեսկատակ-կեսլուրջ իր ծառայություններն առաջարկեց ակումբի նախագահ Ժոան Լապորտային: Ցավոք կամ բարեբախտաբար, նրա առաջարկը մերժվեց:

Բրայանտի հուշերից. «Տարիներ առաջ «Բարսելոնան» ժամանեց Լոս-Անջելես՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու: Ես ու Ռոնալդինյոն լավ ընկերներ ենք, խոսակցություններից մեկի ժամանակ նա ինձ ասաց. «Կոբի, արի քեզ ծանոթացնեմ մի տղայի հետ, ով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է դառնալու»: Նա մատնացույց արեց 17-ամյա Մեսսիին: Ես ասացի. «Ի՞նչ ես խոսում, դու ես լավագույնը», իսկ Ռոնալդինյոն պատասխանեց. «Ո՛չ, այս տղան է լավագույնը դառնալու»:

Կարդացեք նաև՝ 

Յոհանես Բյո

Նորվեգացի տաղանդավոր բիաթլոնիստ Տարեյ Բյոն կարող էր նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, բայց ձմեռային մարզաձևի հանդեպ սերն այլ ուղղությամբ տարավ: Բյոյի հետ երիտասարդական թիմերում հանդես եկած ֆուտբոլիստները մինչև հիմա վստահեցնում են, որ նա ֆուտբոլում հիանալի ապագա կունենար: Հիմա Տարեյը 28 տարեկան է, հասցրել է նվաճել օլիմպիական բարձունքն ու 8 անգամ դառնալ աշխարհի չեմպիոն: Բյոյի կրտսեր եղբայրը՝ Յոհանեսը ևս պրոֆեսիոնալ բիաթլոնիստ է, աշխարհի եռակի չեմպիոն: Ինչպես երևում է նրանց ընտանիքում ֆուտբոլի հանդեպ սերն իսկապես առկա է, քանի որ Յոհանեսը տուրք տալով հետաքրքրությանը՝ պայմանագիր է կնքել երկրորդ դիվիզիոնի «Ստրյունի» հետ ու բիաթլոնի մարզումների դադարի ընթացքում ժամանակը ֆուտբոլին է տրամադրում:

Բյո. «Թիմի հետ մի քանի մարզում անցկացրի, ինձ առաջարկեցին պայմանագիր կնքել, ես էլ համաձայնեցի: Անխոս, վնասվածք ստանալու հավանականություն կա, դրա համար անգամ պահեստայինների նստարանին հայտնվելը և 10-15 րոպե խաղալը լավ կլինի»:

Ռաֆայել Նադալ

Հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը «Սանտյագո Բեռնաբեուի» պատվավոր հյուրերից է: «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոնը ֆուտբոլի մեծ երկրպագու է ու հատկապես «Ռեալի» նկատմամբ է խոր սեր տածում: Ռաֆան մանկության տարիներին բակային ֆուտբոլով է զբաղվել ու ինչ-որ պահի ցանկացել է նույնիսկ հետևել «Բարսելոնայի» կազմում հանդես եկած հորեղբոր՝ Միգել Նադալի օրինակին, սակայն թենիսն ու մադրիդյան ակումբի նկատմամբ սերն ավելի ուժեղ գտնվեցին։


Ռաֆայել Նադալը հորեղբոր հետ

Հիմա Ռաֆայի՝ ֆուտբոլի նկատմամբ կիրքը մարզադաշտ այցելությամբ չի սահմանափակվում: 2011-ին նա պայմանագիր կնքեց իսպանական մարզային երկրորդ լիգայում հանդես եկող «Ինտեր Մանակորի» հետ: Հագեցած օրակարգը նրան թույլ չէր տալիս անընդհատ մասնակցել մարզումներին ու ըստ պատշաճի հանդես գալ թիմում:

Ի դեպ, Մարկո Ասենսիոն «Ռեալում» խաղալու համար պարտական է Նադալին: Հենց նա է մադրիդյան ակումբի ղեկավարության ուշադրությունը հրավիրել Մարկոյի վրա և հորեղբոր՝ Բալեարյան կղզիների թմի մարզական տնօրեն Անխելի միջոցով օգնել ձեռք բերել «Մալյորկայի» ֆուտբոլիստին:

Նադալ. «Շատ մարդիկ կան, ովքեր կապ չունեն թենիսի հետ, բայց հիացնում են ինձ: Ինձ հատկապես այն մարդիկ են դուր գալիս, ովքեր օգնում են ճիշտ ուղու վրա կանգնել, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը զոհել, երբ որևէ մեկն իրենց օգնության կարիքն ունի: Եթե մարզիկների մասին խոսենք, ապա Կրիշտիանու Ռոնալդուն ու Լեո Մեսսին հիասքանչ են իրենց գործի մեջ: Նրանց մրցակցությունը նոր մակարդակ է տվել ֆուտբոլին»:

Օգտագործված աղբյուր՝ Championat.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում