Ամփոփիչ մրցաշար․ հայտնի են կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

Ամփոփիչ մրցաշար․ հայտնի են կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

Լոնդոնում ավարտվում է ATP Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը։ 

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը երրորդ տուրում առավելության հասավ շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ։ 1 ժամ, 27 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6։4, 6։2 հաշվով։ Բրիտանացի թենիսիստը թույլ տվեց 2 կրկնակի սխալ, իրացրեց 7 հնարավոր բրեյք-փոյնթերից 3-ը, իսկ Վավրինկայի ակտիվում գրանցվեց 7 էյս, 1 կրկնակի սխալ։

Մարեյը առաջին երկու տուրերում տոնած հաղթանակների շնորհիվ ապահովել էր իր տեղը կիսաեզրափակչում, իսկ Վավրինկան այս պարտությունից հետո զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։ Անկախ Ջոն Մակինրոյի անվան խմբի վերջին՝ Կեի Նիսիկորի – Մարին Չիլիչ հանդիպման արդյունքից՝ այս խմբում երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ճապոնացի թենիսիստը։

Ավելի վաղ Իվան Լենդլի անվան խմբի կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել Նովակ Ջոկովիչն ու Միլոշ Ռաոնիչը։ Այսպիսով՝ եզրափակչի ուղեգրերի համար նոյեմբերի 19-ին պայքարելու են Էնդի Մարեյ – Միլոշ Ռաոնիչ  և Կեի Նիսիկորի – Նովակ Ջոկովիչ զույգերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում