Զիդանը քննություն կհանձնի «Վիսենտե Կալդերոնում»

Շաբաթ երեկոյան Զինեդին Զիդանը լուրջ փորձության առաջ կկանգնի. մադրիդյան դերբի՝ «Վիսենտե Կալդերոնում»: 

Դերբին կբացի «Ռեալի» բարդ խաղերի շարքը. առաջիկայում Իսպանիայի առաջնության շրջանակներում Զիդանի սաները պետք է հանդիպեն «Բարսելոնային», իսկ Չեմպիոնների լիգայում՝ «Սպորտինգին» և «Բորուսսիային»: Այս խաղերը ևս պարտադրում են շաբաթ հնարավորինս լավ հանդես գալ:

Այժմ «Ռեալն» առաջատար է Իսպանիայի առաջնությունում, սակայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հանգամանքը ևս մեկ պատճառ է «սերուցքայիններին» բացահայտ ֆավորիտի կարգավիճակում չտեսնելու համար։ Զիդանը չի կարող իդեալական մեկնարկային կազմ ընտրել։

Խնդիրները շատ են հատկապես դաշտի կենտրոնում․ երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ Թոնի Կրոսն ու Կազեմիրոն վնասվածքներ ունեն: Դա նշանակում է՝ կենտրոնում կլինեն Մատեո Կովաչիչը, վնասվածքից վերջերս ապաքինված Լուկա Մոդրիչը և Իսկո-Ասենսիո-Վասկես եռյակից որևէ մեկը։ Առաջանում է գլխավոր հարցը՝ ի՞նչ տակտիկական դասավորությամբ է խաղալու «Ռեալը»։

Եթե լիներ հանդիպում ոչ թե «Ատլետիկոյի», այլ շարքային մրցակցի հետ, «Ռեալն» անգամ առանց Կազեմիրոյի և Կրոսի կխաղար 4-3-3, սակայն հաշվի առնելով այն, թե Դիեգո Սիմեոնեի սաներն ինչերի են ընդունակ դաշտի կենտրոնում, առավել տրամաբանական կլինի 4-4-2 մարտավարությունը։

Այստեղ առաջանում է երկրորդ հարցը․ 4-4-2 դասավորության դեպքում Զիդանը պետք է «զոհաբերի» հարձակման եռյակից որևէ մեկին՝ ամենայն հավանականությամբ, Կարիմ Բենզեմային։ Այս դեպքում կենտրոնում կլինեն Կովաչիչն ու Մոդրիչը, իսկ եզրերին մոտ՝ Իսկոն և Ասենսիո-Վասկես զույգից որևէ մեկը։

Կա ևս մեկ տարբերակ, որի դեպքում Գարեթ Բեյլը մի փոքր կնահանջի կիսապաշտպանության եզր, իսկ առջևում կլինեն Կրիշտիանու Ռոնալդուն և Բենզեման։ «Ռեալի» նախկին մարզիչ Կարլո Անչելոտին կիսապաշտպանությունն ամրացնելու համար նման քայլի է դիմել, օրինակ, Չեմպիոնների լիգայի 2013-14թթ․ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» դեմ խաղում։ Արդյունքը բոլորն են հիշում՝ «Ռեալը» 4։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Չմոռանանք, որ այդ ժամանակ Զիդանն Անչելոտիի օգնական էր։ Սակայն Զիդանն Անչելոտիի ժամանակաշրջանից հակառակ օրինակը ևս ունի։ Կրկին կադրային լուրջ խնդիրների պայմաններում (բացակայում էին Սերխիո Ռամոսը, Պեպեն, Մարսելոն, Խամեսը, Մոդրիչը) իտալացի մասնագետն ամեն գնով փորձեց պահել 4-3-3 մարտավարությունը․ արդյունքում 2015 թվականի փետրվարի 7-ին «Ռեալը» «Վիսենտե Կալդերոնում» 4 գնդակ բաց թողեց։ Այդ հանդիպումից հետո բոլորն Անչելոտիին մեղադրեցին մարտավարությունը չփոխելու և ռիսկի չդիմելու համար։

Հայտնի չէ, թե մարտավարական ինչ ծրագրեր են պտտվում Զիդանի գլխում, սակայն մեկ բան հաստատ է՝ «Ատլետիկոյի» նման թիմի դեմ խաղում արդյունքը մեծապես կախված է լինելու կազմից ու տակտիկայից։ Ինչ վերաբերվում է «Ատլետիկոյին»՝ այստեղ ամեն ինչ պարզ է․ Դիեգո Սիմեոնեի սաները դժվար թե հանդես գան տակտիկական անակնկալներով ու նոր բան մոգոնեն։

Հիշենք նաև, թե «Ռեալի» վերջին մարզիչներն ինչպես են խաղացել «Ատլետիկոյի» դեմ

Կարլո Անչելոտի

2014-15թթ․ մրցաշրջանում Կարլո Անչելոտիի «Ռեալն» Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում 0:2 հաշվով պարտվեց «Վիսենտե Կալդերոնում», ապա Իսպանիայի Սուպերգավաթում գրանցեց 0:1 հաշիվը: Լա Լիգայում գործերն ավելի վատ էին: «Ատլետիկոյի» 4:0 հաշվով տարած հաղթանակը վերջնականապես հողին հավասարեցրեց Անչելոտիի մադրիդյան կարիերան:

Անչելոտին «Ատլետիկոյի» դեմ առավել լավ հանդես եկավ Չեմպիոնների լիգայում. 1/4 եզրափակչում «Ռեալը» նախ 0:0 խաղաց, իսկ տնային խաղում Չիչարիտոյի խփած գոլի շնորհիվ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց։

Ռաֆայել Բենիտես

Անցյալ մրցաշրջանում «Ռեալը» կրկին անհաջողության հանդիպեց «Կալդերոնում»: Կարիմ Բենզեման մեկնարկում առաջ մղեց իր թիմին, բայց «Ռեալը» չկարողացավ հաղթահարել մրցակցի առաջադրած խնդիրները: Ռաֆա Բենիտեսի մարտավարությունը քննադատության արժանացավ ու պետք է նշել, որ այդ շրջանում ոչ բոլոր ֆուտբոլիստներն աջակցեցին մարզչին:

Խաղից հետո կրակին յուղ լցրեց նաև ինքը՝ Բենիտեսը: Նա քննադատեց ֆուտբոլիստներից մի քանիսին, այդ թվում՝ Սերխիո Ռամոսին: Նման հանգամանքներում թիմի հանդերձարանային մթնոլորտը հնարավոր չէր կարգավորել: «Ատլետիկոյի» հետ խաղի ոչ-ոքին դարձավ «Բենիտեսի դարաշրջանի» անկման սկիզբը: «Վալենսիայի» դեմ խաղը, որ վերջինն էր, ևս ոչ-ոքիով ավարտվեց:

Ժոզե Մոուրինյու

Այսօր Ժոզե Մոուրինյուն իր նախորդներին և հետնորդներին շրջանցում է «Վիսենտե Կալդերոնի» խաղերի ցուցանիշներով: Պորտուգալացու անվան դիմաց 4 խաղում գրանցած 4 հաղթանակ կա: Մոուրինյուին կարելի է «Վիսենտե Կալդերոնի» արքա անվանել: Վիսենտե դել Բոսկեն, Կառլուշ Կեյրուշը, Վանդերլեյ Լուշեմբուրգոն, Բերնդ Շուստերը և Մանուել Պելլեգրինին նույնպես արտագնա խաղերում միշտ հաղթել են «Ատլետիկոյին», բայց նրանք հանդիպումների քանակով զիջում են Ժոզեին:


«Ռեալի» մարզիչների վիճակագարությունը՝ մադրիդյան դերբիներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում