Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» հաղթեց մադրիդյան դերբիում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Ատլետիկոյին»։

«Վիսենտե Կալդերոնում» կայացած հանդիպման մեկնարկում առավել ակտիվ էին դաշտի տերերը, սակայն «սերուցքայիններն» աստիճանաբար հավասարեցրին խաղը և սկսեցին վտանգավոր գործել առջևի գծում։ Հաշիվը բացվեց խաղակեսի միջնամասում․ Կրիշտիանու Ռոնալդուն տուգանային հարվածից գրավեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը։

Թիմերն ընդմիջման գնացին «Ռեալի» նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ կեսում Ռոնալդուն ևս երկու գոլ խփեց։ 71-րդ րոպեին Ստեֆան Սավիչը սեփական տուգանային հրապարակում խախտեց Ռոնալդուի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց պորտուգալացի ռմբարկուն։ 7 րոպե անց Գարեթ Բեյլի տպավորիչ անցումից հետո Կրիշտիանուն հեթ-տրիկ ձևակերպեց և դրեց խաղի վերջակետը։

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմն ունի 30 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնային» գերազանցելով արդեն 4 միավորով։ «Ատլետիկոն» մնաց 21 միավորով 5-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ատլետիկո» – «Ռեալ»՝ 0։3
Գոլերը՝ Ռոնալդու 23՛, 71՛ / 11-մետրանոց, 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում