«Տաշիրը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ուկրաինայի Խարկով քաղաքի «Լոկոմոտիվ» մարզահամալիրում կայանալու է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային երրորդ առաջնությունը:

Ստուգատեսում երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը կներկայացնի «Տաշիր» ակումբը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Տաշիրն» ստուգատեսում հանդես է գալու մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ: Այս անգամ «Տաշիրի» կազմում ընդգրվել են Նարեկ Խաչատրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) Շամիր Աթյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Ֆինանսերի սղության պատճառով յուրաքաչյուր քաշային կարգում «Տաշիրն» ունի մեկական ներկայացուցիչ, սակայն հնարավոր է` թիմի կազմում որպես պահեստայիններ 86 կգ և 125 կգ քաշային կարգերում ընդգրկվեն նաև իրանցի 2 ըմբիշներ:

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած թիմը ոսկե մեդալի ու համապատասխան կարգի պատվոգրի հետ մեկտեղ կարժանա 25 հազար դոլար պարգևավճարի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը կստանա արծաթե մեդալ ու 15 հազար դոլար, երրորդ տեղը գրավող թիմն էլ բրոնզե պարգևի հետ մեկտեղ` 10 հազար դոլար պարգևավճար: 

Առաջնությանն իրենց մասնակցությունն են արդեն հաստատել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հայաստանի, Հունգարիայի, Մոնղոլիայի, Սիերա Լեոնեի, Իրանի և Ուկրաինայի հանրահայտ ակումբերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում